Armenpress.am-ը գրում է.

Պաշտոնական այցով Վրաստանում գտնվող Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ախալքալաքի մշակույթի կենտրոնում հանդիպել է հայ համայնքի ներկայացուցիչների հետ: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, ՀՀ վարչապետին ուղեկցում էր Վրաստանի արտաքին գործերի նախարար Միխեիլ Ջանելիձեն:

Նիկոլ Փաշինյանը ողջունել է ներկաներին և նշել, որ Հայաստանը վճռական է դարավոր եղբայրական հարաբերությունները բոլորովին նոր մակարդակի բարձրացնելու հարցում:

«Գիտեք, որ ես վարչապետ եմ դարձել ժողովրդի կամքով մի քաղաքական գործընթացի արդյունքում, որը կոչվեց սիրո և համերաշխության հեղափոխություն:  Ես Վրաստան պաշտոնական այցով եկել եմ, հենց Վրաստան պետությանը, վրաց ժողովրդին ուղղված սիրո և համերաշխության ուղերձով և չափազանց երջանիկ եմ՝ տեսնելով, որ տեղ է հասել և այդ ուղերձը, այն ունի կոնկրետ արտահայտում և համարում եմ, որ այսօրվա դահլիճի մթնոլորտը հենց այդ ուղերձի ամենակարևոր արտահայտումն է»,- նշել է Նիկոլ Փաշինյանը:

Վրաստանի արտաքին գործերի նախարար Միխեիլ Զանելիձեն ասել է, որ Վրաստանը ուշադիր հետևում էր Հայաստանում զարգացող ներքաղաքական իրադարձություններին:

«Մենք եկանք այն եզրակացության, որ  ժողովրդի միասնականությամբ և պարոն Փաշինյանի առաջնորդությամբ Հայաստանը կարողացավ հասնել նրան, որ ժողովրդավարությունը հաղթեց»,- ասել է Զանելիձեն:

Վրաստանի ԱԳՆ նախարարի խոսքով`  ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ քննարկումների արդյունքում եկել են այն մտքին, որ դեռ շատ բան կա անելու երկու երկրների առաջընթացի և  հարաբերությունների զարգացման համար:

«Հայաստանն ունի հազվագյուտ հնարավորություններ միջազգային ասպարեզում, Վրաստանը նույնպես ինտեգրման բազմաթիվ ուղղություններ է վերցրել, և մենք՝ երկու պետություններս, ամեն ինչ կանենք, որպեսզի օգտագործենք այդ հնարավորություններն ի բարօրություն մեր երկու երկրների»,- եզրափակել է Ջանելիձեն:

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել