Armenpress.am-ը գրում է.

Ագգային ժողովի Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանն ահազանգում է Եվրամիության երկրների մուտքի արտոնագրերի ծառայություններ մատուցող կենտրոնների կողմից անհարգալից վերաբերմունքի մասին: Նա մայիսի 31-ին ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի, ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Արմեն Պապիկյանին խնդրեց այդ կենտրոններին զգաստացնող թերթիկ ուղարկել:

«Ես գիտեմ, որ նախարարությունն ուղղակի միջամտություն ու ազդեցություն չունի վիզաների կենտրոնների վրա, բայց նրանք երբեմն չափն անցնում են՝ Հայաստանի քաղաքացիների հետ խոսելով անհարգալից, 90 անգամ ուղարկելով մի թղթի հետևից, որ պարզվում է պետք էլ չի: Խնդրում եմ ուղարկել նրանց զգաստացնող թերթիկ որպես ի գիտություն, որ իրենք հասկանան՝ գործ ունեն ՀՀ քաղաքացու հետ, ինչպես մենք ենք հարգանքով վերաբերվում իրենց, նույն վերաբերմունքն իրենք մեր հանդեպ ցուցաբերեն»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ասաց Զոհրաբյանը:

Նման մի քանի կենտրոններ են գործում Հայաստանում: Նախկինում քննադատությունների բազմիցս արժանացել է «Միավորված վիզաների դիմումների կենտրոնը», որը ծառայություններ էր մատուցում Հունաստանի, Լիտվայի դեսպանատներին և Իսպանիայի գլխավոր հյուպատոսարանին: TLScontact կենտրոնը վիզաների դիմում-հայտերի լրացման ծառայություններ է մատուցում Իտալիայի և Մեծ Բրիտանիայի դեսպանություններին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել