Կառավարման վարչակարգերից ամենադժվարինն ու ֆինանսական, մարդկային, ներքին ու արտաքին ռեսուրսներ պահանջողն ընդունված է համարել ամբողջատիրական կամ կոնսոլիդացված ավտորիտար վարչակարգերը: Բայց կարծում եմ, որ պոպուլիստական (կամ քաղաքագիտորեն ասած` օխլոկրատական) կառավարման վարչակարգը բարդագույնն է այս համատեքստում: 

Պատկերացրեք՝ ինչ բարդ է հանրային լայն զանգվածների բարձր կոնսոլիդացվածության պայմաններում «հաց ու տեսարաններ» ապահովելով կառավարելը: Դա էլ առանձին հմտություններ պահանջող «առաջադրանք» է, բայց հավատացեք, կառավարելիության բարդության մակարդակով չի զիջում Հանա Արենդի ուսումնասիրության առարկան հանդիսացող վարչակարգի կատարելատիպերին: 

Եվ հենց այդ բարդությունն է պատճառը, որ աշխարհում հայտնի բոլոր պոպուլիստական վարչակարգերը նշանավորվել են ժողովրդավարական գործընթացով, շարունակվել են ամբոխի ուղղակի կառավարման իմիտացիայով և ավարտվել են կա՛մ ամբողջատիրական կատարելատիպի կայացումով (Ֆրանսիական հեղափոխություն, Երրորդ Ռեյխ, Հոկտեմբերյան հեղափոխություն), կա՛մ կոնսոլիդացված, բայց կարճատև ավտորիտարիզմի կայացումով (Բենիտո Մուսոլինիի իշխանությունը իտալիայում), կա՛մ հաջողված ռազմական հեղաշրջմամբ (Պինոչետի Չիլին): 
Հետևություն` շատ բարդ ժամանակներում ենք ապրում, տիկնայք և պարոնայք: 

Հ.Գ. Արևմտյան քաղաքագիտական շրջանակներում օխլոկրատական կառավարման վարչակարգերը Երկրորդ համաշխարհայինից հետո շատ քիչ են քննարկվել, քանի որ Մուսոլինիից և Հիտլերից հետո կարծեցին, թե ավարտվեց օխլոկրատիայի ժամանակաշրջանը, բայց վերջին 5 տարիների ընթացքում գրանցված տրանսֆորմացիայի դինամիկան շատերին ստիպել է վերսկսել մասնագիտական դիսկուրսը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել