Միայնակ լինելը վատ չէ, անհաջողակ լինելու նշան չէ, անեծք չէ: Միայնակ լինել դեռ չի նշանակում միայնություն զգալ, եթե, իհարկե, ինքդ չորոշես այդպես ապրել և զգալ:

Շատ ավելի է լավ է լինել միայնակ, քան պատահական մեկի հետ: Մեկի, ում չես սիրում, ում հետ չկա հոգևոր կապ, ում հետ քեզ հետաքրքիր չէ, ում հետ քեզ հանգիստ, խաղաղ և ապահով չես զգում:

Սխալ մարդու հետ լինել. ահա իրական անեծքը:

Միայնակ լինելը թույլ է տալիս կենտրոնանալ սեփական անձի վրա, ինքնազարգացմամբ զբաղվել, կատարելագործվել, փորձել, սխալվել և կրկին փորձել, հասկանալ՝ ինչով ես ուզում զբաղվել, իսկ ինչը հաստատ քոնը չէ:

Պետք չէ վախենալ միայնակ մնալուց: Ամեն բան քեզնից է կախված: Գտիր այն, ինչ քեզ հետաքրքիր է, ունեցիր հոբբի, ժամանակ անցկացրու ընկերուհիներիդ հետ, գնա պարի/լողի/մարտարվեստի...

Բաց թող նրան, ով քեզ չի ցանկանում: Անգամ եթե դու ամենահրաշալի էակն ես, կարող է այնպես պատահել, որ հենց կոնկրետ ՆԱ քեզ չի ցանկանում: Հիշի՛ր, դու արժանի ես մեկին, ով քեզ ուշադրության կարժանացնի, հոգ կտանի: Եթե դու պետք է աղերսես նրա ուշադրությունը, ապա նա սխալ մարդ է, քոնը չէ, բաց թող:

Միայնակ եղիր այնքան ժամանակ, քանի դեռ չես հանդիպել մեկին, ով առանց զգուշացնելու օրերով չի անհետանա, նրան, ում համար դու կլինես առաջին տեղում, այլ ոչ պահեստային տարբերակ:

Այնքան շատ են այն աղջիկները, ովքեր համաձայնվում են ունենալ հարաբերություններ զուտ հարաբերություններ ունենալու համար, զուտ հասարակական կարծիքի ճնշման ներքո, «վայ, ի՞նչ կասեն», «ի՞նչ կմտածեն», «կասեն տանը մնացած», «դե, արդեն տարիքս է»...

ՈՉ: Մի եղի՛ր նրանցից մեկը: Թքած ունեցիր բոլոր անիմաստ խոսակցությունների վրա, նրանք չգիտեն՝ որն է լավ քեզ համար: Սա քո կյանքն է, մի՛ վատնիր այն սխալ մեկի հետ լինելու վրա: Եղի՛ր ամենաարժանավորի՝ ինքդ քեզ հետ, իսկ համապատասխան տղայի դեռ կհանդիպես և անգամ եթե չհանդիպես, ապա, միևնույն է, եղի՛ր ինքնաբավ, հարգիր և մի՛ դժբախտացրու ինքդ քեզ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել