Armenpress.am-ը գրում է.

Հայաստանում տեղի ունեցած քաղաքական գործընթացները չեն պարունակել որևէ արտաքին տարր: Գերմանական Deutsche Welle-ի ռուսական ծառայությանը տված հարցազրույցում այս մասին նշել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Հայաստանում տեղի ունեցավ իշխանափոխություն ժողովրդի որոշմամբ, դա թավշյա հեղափոխություն էր, որը տեղի ունեցավ առանց որևէ բռնության: Ես ՀՀ սահմանադրության շրջանակում ընտրվեցի վարչապետ: Մեր շարժման մեջ չկար որևէ աշխարհաքաղաքական կոնտեքստ, չեն եղել արտաքին քաղաքական հարցեր: Հայաստանում եղել է զուտ ներքին քաղաքական գործընթաց՝ ժողովրդի որոշմամբ»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ասել է Նիկոլ Փաշինյանը:

ՀՀ վարչապետը նկատել է, որ այդ օրերին միջազգային մամուլում տարբեր շեշտադրումներով հրապարակումներ էին լինում: Մասնավորապես, որոշ հրապարակումներով փորձ էր արվում Հայաստանում տեղ ունեցած շարժումը ներկայացնել այնպես, թե իբր այն կապ է ունեցել այս կամ այն արտաքին քաղաքական ուժերի հետ:

«Նորից եմ կրկնում, սա զուտ հայկական քաղաքական գործընթաց է եղել՝ առանց որևէ արտաքին գործոնի: Մեր արտաքին քաղաքական գործընթացում որևէ փոփոխություն չեղավ, մենք շարունակելու ենք աշխատանքը՝ զարգացնելով հարաբերություններ տարբեր ուղղություններով: Դա վերաբերում է Ռուսաստանի, ԱՄՆ-ի, Վրաստանի, Իրանի հետ մեր հարաբերություններին: Արտաքին քաղաքականության վեկտորը մնում է նույնը, ինչն առկա էր մինչ հեղափոխությունը»,-ասել է ՀՀ վարչապետը:

Լրագրողի հարցադրմանը, թե ինչու ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը չմիջամտեց գործընթացին և չաջակցեց Սերժ Սարգսյանին՝ Փաշինյանը նշեց, որ պատճառը շատ պարզ է. Հայաստանն անկախ և սուվերեն երկիր է: Լրագրողի դիտարկմանը, որ Ռուսաստանը, միշտ այլ կերպ է արձագանքել հետխորհրդային երկրների գործընթացներին՝ՀՀ վարչապետն ասաց. «Հայաստանը Հայաստանն է, ես կարծում եմ, որ յուրաքանչյուր երկիր ունի իր յուրահատկությունները: Մեր երկրի գլխավոր առանձնահատկությունն այն է, որ մենք մեծ ակնածանքով ենք վերաբերում մեր սուվերենությանն ու անկախությանը»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել