2016 թվականի հուլիսին, երբ տխրահռչակ ՀՀԿ-ական ռեկտոր Սահակ Մինասյանը ոտք դրեց բուհ, առաջին քայլը վարչական անիմաստ հաստիքների ուռճացումն էր` ծանոթ-բարեկամներին աշխատանքի նշանակելով: Բուհը մինչև 2016 թվականն ունեցել է մեկ իրավախորհրդատու, իսկ երբեմն էլ 0.5 դրույք ծանրաբեռնվածությամբ՝ 1 դրույքի համար վճարելով 125 000 (հարյուր քսանհինգ հազար) ՀՀ դրամ աշխատավարձ: 2016 թվականի հուլիսից համալսարանն ուներ 2 դրույք ծանրաբեռնվածությամբ իրավախորհրդատու՝ վճարելով համապատասխանաբար 200 000 և 180 000 դրամ աշխատավարձ: Ընդ որում՝ իրավախորհրդատուներից մեկը Սահակ Մինասյանի քրոջ որդին է՝ բաժնի վարիչ, որին վճարվում է 200 000 (երկու հարյուր հազար) ՀՀ դրամ աշխատավարձ՝ միջանցքներում վերահսկողություն սահմանելու և բոլորին հետևելու համար: Նկատենք, որ այս աշխատավարձի չափը գրեթե համարժեք է համալսարանում վճարվող գիտությունների դոկտորի աշխատավարձին: Երևի համալսարանի աշխատակիցներից և ոչ մեկը տեղյակ չէ՝ որտեղ է քրոջ տղայի աշխատանքային սենյակը, քանի որ օրվա ցանկացած ժամի միջանցքում է իր խուզարկու հայացքով: Համալսարանը տարեկան կտրվածքով իրավախորհրդատուներին վճարում է 4 560 000 (չորս միլիոն հինգ հարյուր վաթսուն հազար) ՀՀ դրամ, որ կարողանան իրականացնել համալսարանի հետ կապված բոլոր գործառույթները: Ավելին՝ ռեկտորը պայմանագիր էր կնքել նաև «AM Law Firm» իրավաբանական ընկերության հետ՝ վճարելով տարեկան 1 միլիոն դրամից ավել գումար` իրավաբանական խորհրդատվություն իրականացնելու համար: 

Սակայն նույնիսկ Սահակ Մինասյանի հրաժարականից հետո զավեշտները շարունակվում են։ Մայիսի 29-ին Հովհաննես Խորիկյանի նախնական դատավարությունը հետաձգվեց, քանի որ համալսարանն այս պահին Երևանից նոր փաստաբան է վարձել: Նկատենք՝ չնայած ՀՀ ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանի հորդորին, որ երկու հեռացված աշխատակիցներին՝ Հովհաննես Խորիկյանին և Գագիկ Համբարյանին, հնարավորինս արագ վերականգնեն իրենց նախկին աշխատանքում, պարզվեց՝ նոր ղեկավարությունը նորից շարունակում է հնի քաղաքականությունը: Նշենք, որ Երևանից փաստաբան վերցնելու համար համալսարանն իր բյուջեից յուրաքանչյուր մեկ դեպքի համար վճարելու է 800 000-ից (ութ հարյուր հազարից) 1 000 000 (մեկ միլիոն) ՀՀ դրամ: Այս պահին երկու գործ քննվելու է դատարանում (Հովհաննես Խորիկյան, Գագիկ Համբարյան), հետևաբար բուհն իր բյուջեից մոտ 2 000 000 (երկու միլիոն) ՀՀ դրամ նորից պետք է ավելորդ ծախսի` չհաշված աշխատակիցներին տրամադրվող տուժանքները և բարոյական վնասի համար պահանջված գումարները: Երևանից փաստաբան վարձելու նպատակներից մեկը նաև գործընթացը երկարաձգելու նպատակ ունի։ Նախկին ռեկտորը և նրա ֆան-ակումբի ներկայացուցիչները բազմիցս են հայտարարել, որ այս դատավարությունները տարիներով երկարաձգելու են։

Ռեկտորի նորանշանակ ԺՊ-ն, ՇՊՀ-ում իր կարգավիճակի համար պարտական լինելով ՀՀԿ Շիրակի մարզային կառույցի ղեկավար և ՇՊՀ նախկին ռեկտոր Սահակ Մինասյանին, բացահայտ անտեսում է ԿԳ նախարարի՝ ՇՊՀ-ի դահլիճում արած հրահանգը և չի վերականգնում Հ. Խորիկյանի և Գ. Համբարյանի իրավունքները: Հասկանալի է, որ էթիկայի հանձնաժողովի ակտիվ անդամ Երվանդ Սերոբյանը, որն իր ստորագրությամբ թույլ էր տվել նախկին ռեկտորին հաշվեհարդար տեսնել Մինասյանի հանցագործությունները, անօրինականությունները և ապօրինությունները բարձրաձայնող դասախոսների նկատմամբ, շարունակելու է պաշտպանել իր նախկին ռեկտորի և արդեն իսկ իր սեփական շահերը: 

Հ.Գ. Պարզվում է՝ նորանշանակ ռեկտորի ԺՊ-ն ևս 0.5 դրույք ծանրաբեռնվածությամբ որպես խորհրդական նոր իրավաբան է ընդունել աշխատանքի: Շատ հետաքրքիր է. 2.5 դրույք հաստիքներ զբաղեցնող 3 իրավաբանները չե՞ն կարող համալսարանի շահերը պաշտպանել դատարանում, որ փաստաբան են վարձում Երևանից։ Այսինքն` Հ. Խորիկյանի և Գ. Համբարյանի դեմ 4 իրավաբան է մարտնչելու։ Սա ևս մեկ ապացույց է, որ ՇՊՀ-ն այս երկու տարվա մեջ լցվել է ոչ միայն բուհական կրթությունից չհասկացող «մասնագետներով», այլև հենց այս մասնագետների շնորհիվ է, որ փոշիացվում է բուհի բյուջեն՝ անիմաստ աշխատավարձ վճարելով վերջիններիս։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել