Armenpress.am-ը գրում է.

Կուտակային կենսաթոշակային համակարգի պարտադիր բաղադրիչը մեկ տարով հետաձգելու առաջարկն արվել է հանրության համար առավել ընդունելի տարբերակ գտնելու նպատակով: Ազգային ժողովում լրագրողների հետ ճեպազրույցում այս մասին հայտնեց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մանե Թանդիլյանը: «Հետաձգելու առաջարկ ներկայացնելու պատճառն այն է, որ տեսնենք ինչ փոփոխություններ է հնարավոր իրականացնել: Հանրությունը բավականին ակտիվ է ու առաջարկներ կան հենց քաղաքացիներից, որոնք, կարծում եմ, արժանի են քննարկման»,-«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ասաց նախարարը:

«Վերջում կարո՞ղ ենք ակնկալել, որ պարտադիր բաղադրիչը լինելու է»,- հարցին ի պատասխան՝ Մանե Թադիլյանը նկատեց, որ այդ հարցը ևս պետք է լինի քննարկման թեմա: «Մեր նպատակն է հետաձգել, քննարկել, լրամշակել, բարելավել և տեսնել հանրության համար հնարավոր ընդունելի տարբերակը որն է»,-նշեց նախարարը՝ հավելելով՝ սա պետք է դիտարկել կամարտահայտության սկզբունքի պաշտպանվածության տեսանկյունից:

Անդրադառնալով հարցին, թե արդյոք եկամտահարկի դրույքաչափերի նվազեցումը կարող է լինել պարտադիր բաղադրիչի գոյության փոխզիջումը, Մանե Թանդիլյանը նշեց, որ դա ևս պետք է դառնա քննարկման առարկա՝ «Ամեն բան հնարավոր է, պետք է քննարկել լավագույն լուծումը գտնելու համար»: Մեկ տարին էլ ընտրվել է որպես աշխատանքային ժամանակահատված: «Հնարավոր է և ավելի վաղ: Դրա համար պետք է քննարկել, արդյոք հնարավոր է ավելի վաղ լուծում գտնել»,-հավելեց պաշտոնյան:

Նախարար Թանդիլյանը նկատեց, որ մեկ տարով հետաձգումը չի կարող վերաբերել համակարգին արդեն միացածներին:

Մանե Թանդիլյանը կառավարության քննարկմանն է ներկայացրել «Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքում փոփոխությունների նախագիծ, որով առաջարկել է սոցիալական վճարի պարտադիր նորմը հետաձգել մեկ տարով՝ մինչև 2019թ հուլիսի 1-ը:

Կուտակային կենսաթոշակային համակարգի պարտադիր բաղադրիչը` 1974 թվականի հունվարի 1-ից հետո ծնված քաղաքացիների համար նախատեսված է՝ ուժի մեջ կմտնի այս տարվա հուլիսի 1-ից: Հայաստանում կենսաթոշակային կուտակային պարտադիր համակարգում այս պահին շուրջ 200 հազար քաղաքացի է ներգրավված: Կենսաթոշակային համակարգի կառավարիչները երկուսն են՝ «Ամունդի-Ակբա Ասեթ Մենեջմենթ» ՓԲԸ և «Ցե-Կվադրատ Ամպեգա Ասեթ ՄենեջմենթԱրմենիա» ՍՊԸ: ԿԲ նախագահի խոսքով՝ հուլիսի 1-ից հետո ևս 80 հազար կմիանա համակարգին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել