«Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար ժան Իվ Լե Դրիանը, որը մայիսի 27-ին Ադրբեջանում էր, իսկ մայիսի 28-ին ժամանել էր Հայաստան, Երևանում հայտարարել է, որ Ֆրանսիան պատրաստ է աջակցել ղարաբաղյան կար­գավորման առաջընթացի կրեատիվ առաջարկներին: Նա ասել է, որ կպաշտպանեն ցանկացած մոտեցում, որը թույլ կտա առաջ գնալ լուծման ուղղությամբ և ապահովել խաղաղություն ու կայունու­թյուն: Միևնույն ժամանակ, նա Երևանում հայտարարել է, որ անընդունելին են թե´ ստա­տուս քվոն, թե´ ուժի կիրառու­մը: Բաքվում էլ նա հայտարա­րել էր, որ Ֆրանսիան կակտիվացնի իր ջանքը հակամար­տության կարգավորման արագության ուղղությամբ: Ֆրանսիայի արտգործնախարարի Բաքվի ու Երևանի հայտարարություններն առա­ջին հայացքից թողնում են հա­կասական և շփոթ տպավո­րություն: Մյուս կողմից՝ նա կարծես թե փորձել է ամեն տեղ ասել այն, ինչն ավելի շատ կցանկանային լսել գուցե:

Բաքվում նա հավաստիացրել է, որ կաշխատեն ավելի ակ­տիվ՝ որպես միջնորդ, իսկ Երևանում էլ ակնարկել է գուցե, որ սպասում է Երևանի նոր առաջարկներին, որոնց պատ­րաստ են աջակցել: Սակայն որևէ դեպքում հստակ չէ կոնկ­րետություն, թե ընդհանրա­պես Ֆրանսիան, որպես միջ­նորդ, ինչպես է պատկերաց­նում հետագա գործընթացը: Ընդհանրապես այդ առումով պարզ չէ ոչ միայն Ֆրանսիայի, այլև մյուս երկու համանախագահ երկրների՝ ԱՄՆ-ի ու Ռուսաստանի դիրքորոշումը: Նրանց մոտ կամ որոշակի շփոթ է ու փակուղի, և նրանք մի կողմից գիտեն, որ դժվար է Հայաստանից զիջումներ կոր­զել առանց անվտանգության ու Արցախի անկախության երաշխիքների, մյուս կողմից էլ գիտեն, որ Բաքուն չի համա­ձայնի այդ տարբերակին և մի­աժամանակ կշարունակի սպառնալ պատերազմով: Համանախագահները փորձում են զսպել հնարավոր նոր պատերազմի բռնկումը, սակայն մյուս կողմից՝ նկատելի է, որ նրանք պատկերացում իսկ չու­նեն, թե դա ինչքան կարող են անել և գլխավորը՝ ինչպես կա­րող են երկար անել դա: Առա­վել ևս, որ նրանցից յուրա­քանչյուրն էլ ունի իր ռեգիոնալ ծրագրերն ու շահերը և ըստ այդմ՝ իր հարաբերությունները հակամարտության կողմերի և նույնիսկ Իրանի հետ:

Այդ իմաստով, Ֆրանսիայի արտաքին գործերի նախարա­րի տարածաշրջանային այցը, ըստ էության, դարձել է այդ հակասական իրողության բա­վականին ակնառու դրսևորում: Այս պայմաններում եզ­րակացությունը թերևս մեկն է, առավել ևս Հայաստանի նոր իշխանության համար: Առա­ջին հերթին երևի թե այն, որ համանախագահները շփոթու­թյան մեջ են, և ըստ այդմ՝ նրանց մոտ առկա է որևէ նոր մոտեցման, նոր առաջարկի, այսպես ասած, ընկալման կամ սպասման բնական մի վիճակ, որից պետք է օգտվել և փորձել առաջ մղել նոր գաղափարներ, որոնք կպարունակեն իրավիճակի ավելի երկարաժամկետ քաղաքական մենեջմենթի ներուժ»,-գրում է թերթը:


Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել