Արարատ Միրզոյանի մամուլի քարտուղար Կարպիս Փաշոյանն ասաց, որ մեքենաների մակնիշներից լավ չի հասկանում և չի կարող մեր հարցերին հստակ պատասխանել, այդ թվում՝ չգիտի, թե ինչ մակնիշի են այն երեք մեքենաները, որոնցից հրաժարվել է փոխվարչապետը։ «Առանձնահատուկ ընտրություն չի կատարվել, միայն շեշտվել է, որ հինգից պետք է մնա երկուսը, թե որ երկուսը, մենք չգիտենք։ Ինքը նաև թիկնապահներից է հրաժարվել»,- ասաց նա։ Հետո գրասենյակի ղեկավարից ճշտեց ու տեղեկացրեց, որ այդ երկու մեքենաներից մեկը Toyota Prado է (խոսքը, հավանաբար, մեր նշած Land Cruiser 200-ի մասին է)՝ 001 ԼԼ 01 պետհամարանիշով, որը սպասարկում է առաջին փոխվարչապետին, մյուսը Toyota Camry է՝ 018 ՍՍ 01 համարանիշով, որը, փաստորեն, դարձյալ «նախագահականի» համարներով է ու սպասարկում է ընդհանուր գրասենյակին։ Մյուս երեք մեքենաների մասով դժվարացավ հստակ բան ասել՝ կառավարության աշխատակազմը կորոշի, թե ինչպես տնօրինել։ Բնական է, որ մեքենաների մի մասից հրաժարվելու ողջ նպատակը բյուջեի միջոցների խնայողությունն է։ Հետևաբար, հարցրինք Փաշոյանին՝ ինչ սկզբունքով են որոշել, որ Արարատ Միրզոյանին պետք է սպասարկի ավտոպարկի ամենաթանկարժեք ու ծախսատար մեքենաներից մեկը՝ աժդահա Land Cruiser 200 ամենագնացը, որն ավտոպարկում եղած ամենածախսատար մեքենաներից է։ Փաշոյանն ասաց, որ առաջնորդվել են խնայողության սկզբունքով։
Նկատենք, որ Միրզոյանին սպասարկող այդ հսկա «ջիպը» կառավարության ավտոպարկում եղած մյուս մեքենաներից՝ Toyota Corolla, Camry Kia Cerato և այլն, 2-3 անգամ շատ բենզին է ծախսում, նույնքան ավել գույքահարկ է մուծվում դրա համար, և, առհասարակ, այդ խոշոր ամենագնացի ամեն մի անվադողն ու ցանկացած այլ ավտոմաս մի քանի անգամ թանկ արժեն, քան վերը նշված մեքենաների դեպքում է։ Ու եթե Միրզոյանը հրաժարվի նման թանկարժեք «ջիպով» երթևեկելու ցանկությունից և այն փոխարինի միջին դասի որևէ խնայող սեդանով, կհամարենք, որ բյուջեի միջոցներն այս մասով գոնե իսկապես խնայեցին։
Տիգրան Ավինյանի գրասենյակի ղեկավար Վարագ Սիսեռյանն էլ ասաց, որ Ավինյանը հրաժարվել է իրենց հատկացված չորս մեքենաներից երկուսից։ Այդ չորս մեքենաներից նրանք ընտրել են 2009-10 թթ. արտադրության Mercedes S-Class-ը՝ 001 ԼԼ 55 պետհամարանիշով, որը սպասարկում է փոխվարչապետ Ավինյանին, և մեկ BMW (014 ԼԼ 50), որի մոդելը չնշեց։ Ենթադրաբար՝ դա նախկինում կառավարության աշխատակազմի ղեկավարին սպասարկած բիզնես դասի BMW-ն է (BMW 523 i)։ Թե ինչ մեքենաներ են մյուս երկուսը, որոնցից հրաժարվել են, Սիսեռյանը չկարողացավ նշել։ Նա նաև դժվարացավ ասել, թե արդյոք խնայողության նպատակով են ընտրել հենց այս մեքենաները։ Նշենք, որ Ավինյանին սպասարկող Mercedes S-Class֊ը ներկայացուցչական դասի թանկարժեք սեդան է ու խնայողների դասին չի պատկանում։ Այս մեքենայի միայն Airmatic կախոցների վնասման դեպքում մի քանի հարյուր հազար դրամի ծախս է առաջանում՝ գումարած վառելիքի մեծ ծախսը, գույքահարկը և շահագործման մյուս ծախսերը, որոնք նկատելիորեն բարձր են՝ համեմատած ավելի ցածր դասի մեքենաների հետ։ Գրեթե նույնն է նաև BMW-ի դեպքում, որը ևս բավականին ծախսատար մեքենա է։
Ամբողջական՝ թերթի օրվա համարում