Armenpress.am-ը գրում է.

Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունը հայտարարություն է տարածել, որում նշվում է, որ եթե Իսրայելը ճանաչի Հայոց ցեղասպանությունը, ապա դրանով կխախտի Հոլոքոստի հատուկ կարգավիճակը:

«Իսրայելը Հայոց ցեղասպանության ճանաչմամբ վնասելու է հենց ինքն իրեն: Իսրայելը Հայոց ցեղասպանությունը և Հոլոքոստը չպետք է հավասարեցնի, քանի որ 1915թ. տեղի ունեցածը պատմական, այլ ոչ թե քաղաքական և իրավական հարց է»,-նշված է Թուրքիայի ԱԳՆ խոսնակ Համի Աքսոյի տարածած հայտարարության մեջ:

ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի դեկան, պրոֆեսոր  Ռուբեն Մելքոնյանն «Արմենպրես»-ի հետ զրույցում անդրադառնալով Թուրքիայի ԱԳՆ խոսնակի կատարած հայտարարությանը՝ նշեց, որ Թուրքիայի ԱԳՆ պաշտոնյայի հայտարարությունները զուրկ են տրամաբանությունից և դուրս են համամարդկային, հումանիստական մտածելակերպի սահմաններից:

«Թուրքական քարոզչամեքենան իր երկարամյա ապատեղեկատվության և կեղծիքի քաղաքականության մեջ երբեմն թույլ է տալիս քաղաքական և իրավական զավեշտալի բացթողումներ, անուղղակի կամ ուղղակի բացահայտում է իր ազգայնամոլ կերպարը: Համեմատության մեջ դնել տարբեր ցեղասպանությունները, կամ առավելություն  տալ այս կամ այն ցեղասպանությանը  քաղաքակիրթ մարդկության համար բացարձակ անընդունելի է: Համեմատել, թե որն է ավելի ծանր հանցագործություն՝ Հայոց ցեղասպանությո՞ւնը, թե՞ հրեական Հոլոքոստը, և եթե այս հանցագործություններից որևէ մեկի մասին ընդունվի բանաձև, ապա դա կվնասի մյուսին, հանցագործությունը ժխտող մտածելակերպի բացահայտ դրսևորում է, այն ինչ Թուրքիայի պետական քաղաքականությունն է տասնամյակներ շարունակ»,- ասաց մասնագետը:

Մելքոնյանը շեշտեց՝  դրանք տարբեր հանցագործություններ են.Հայոց ցեղասպանությունն, ի տարբերություն Հոլոքոստի, միևնույն ժամանակ նաև հայերի հայրենազրկումն է, և Հայոց ցեղասպանության փաստի ճանաչումը Իսրայելի, կամ որևէ այլ պետության կողմից չի կարող ստվերել մեկ այլ համամարդկային չարիքի՝ Հոլոքոստի կարգավիճակը:

«Թուրքիայի արտաքին գործերի նախարարության պաշտոնյայի հայտարարություններն, ըստ էության, զուրկ են տրամաբանությունից, դուրս են մարդասիրական և համամարդկային մտածելակերպի սահմաններից: Միևնույն ժամանակ, դրանք ի ցույց են դնում, որ Հայոց ցեղասպանության հետ կապված տարատեսակ քայլերը, քննարկումները և այլն շարունակում են թուրքական քաղաքական համակարգի համար մնալ մեծ խնդիր և առիթ դառնալ, որ թուրքական քարոզչամեքենան հանդես գա տրամաբանությունից դուրս և իր խորքային  հակամարդկային, ռասիստական բնույթը ի ցույց դնող հայտարարություններով»,- եզրափակեց նա:

Արեն Պետունց

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել