operativ.am-ը գրում է

ՄԱԿ-ը շրջանառության մեջ է դրել Արցախի արտաքին գործերի նախարարության հուշագիրը, որում ներկայացվում է արցախյան դիրքորոշումը ԼՂ հակամարտության կարգավորման հարցում:

Փաստաթղթում, որը հրապարակվել է միջազգային կազմակերպության կայքում, ընդգծվում է, որ Ադրբեջանի պատմական և իրավաբանական փաստարկները ոչ մի ընդհանուր բան չունեն իրականության հետ և որ Ադրբեջանի իշխանությունները պետք է հրաժարվեն Արցախի ժողովրդի հանդեպ խտրականության քաղաքականությունից:

«Մանրակրկիտ ուսումնասիրությունը ցույց է տալիս անհամապատասխանությունն ադրբեջանական կողմի պատմական և իրավական փաստարկներում, որոնք բացահայտում են Ադրբեջանի մտադրությունը խոչընդոտելու Արցախի ժողովրդի անօտարելի իրավունքների իրականացմանը: Հայտնի փաստերի համաձայն՝ հնագույն ժամանակներից Արցախը պատմական Հայաստանի նահանգներից մեկն է եղել և երբեք չի կազմել անկախ Ադրբեջանի մի մասը», - ասվում է փաստաթղթում:

Հուշագրում նշվում է, որ այս փաստերը հաշվի առնելով՝ «հատկապես անպատկառ են հնչում ադրբեջանական կողմի պնդումներն այն մասին, որ Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի սահմանային շրջանում ցանկանում են բացառել ադրբեջանական գյուղերն ու արհեստականորեն նոր ժողովրդագրական բնակչություն ստեղծել»:

«Այս պարագայում Արցախի ժողովրդի՝ հանուն իրենց իրավունքների, ազգային ինքնության, տնտեսական զարգացման, մայրենի լեզվի պահպանման խաղաղ պայքարին ադրբեջանական իշխանությունները պատասխանել են Սումգայիթի, Բաքվի և Կիրովաբադի ջարդերով», - ասվում է հուշագրում:

Փաստաթղթում ընդգծվում է, որ ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտությունը, որն սկսվել է Արցախի և Ադրբեջանի հայ բնակչության իրավունքների զանգվածային խախտումներով, շարունակվում է մինչ օրս՝ հենց ադրբեջանական կողմի՝ Արցախի քաղաքացիների անհատական և կոլեկտիվ իրավունքները ժխտելու պատճառով: «Քաղաքականությունը, որն արտահայտվում է Արցախը մեկուսացնելու ջանքերով, Ադրբեջանի կողմից միայն միջազգային պարտավորությունների խախտում չէ, այլև լուրջ սպառնալիք է հանդիսանում Հարավային Կովկասի խաղաղության ու անվտանգության համար», - նշվում է ՄԱԿ-ի տարածած փաստաթղթում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել