Իսրայելապաղեստինյան հիմնախնդրի հերթական սրացման ֆոնին Թուրքիան դարձյալ փորձում է հավակնել հակաիսրայելական ճամբարի առաջատարի դերին: Տարբեր մակարդակներում պաշտոնական Անկարայի խիստ հակաիսրայելական հռետորաբանությունն էականորեն գերազանցում է արաբամուսուլմանական աշխարհի բազմաթիվ այլ երկրների ղեկավար շրջանակների հայտարարությունները: Բացի այդ՝ որպես ԻՀԿ-ում նախագահող երկիր՝ Թուրքիան փորձում է նախաձեռնել հստակ պատժիչ քայլեր Իսրայելի հակապաղեստինյան գործողությունները զսպելու նպատակով:

Այսպես՝ Գազայի հատվածում Թել Ավիվի գործողություններին ի պատասխան՝ մայիսի 18-ին Ստամբուլում կայացած ԻՀԿ-ի արտահերթ համաժողովին թուրքական կողմի նախաձեռնությամբ կազմակերպության անդամ 57 երկրների կողմից ընդունվել է Հրեական պետության դեմ առևտրային էմբարգո կիրառելու որոշումը, որի նպատակը իսրայելական արտադրության ապրանքների ներմուծման բոյկոտն է մուսուլմանական երկրների կողմից:

Վերոնշյալի համատեքստում ուշագրավ է, որ նշված նախաձեռնության հեղինակ Թուրքիայի իշխանություններն իրենք անմիջապես ձեռնամուխ չեն լինում համապատասխան քայլերի, այլ հայտարարում են, որ Իսրայելի դեմ տնտեսական պատժամիջոցների կդիմեն միայն երկրում հունիսի 24-ին նախանշված ընտրություններից հետո (2017թ. տվյալներով՝ Իսրայելի արտահանումը Թուրքիա կազմում է 1,42 մլրդ դոլար): Իսկ մինչ այդ թուրքական կողմը շարունակում է ոչ միայն երկկողմանի ակտիվ տնտեսական հարաբերությունները, այլև միջնորդի դեր է կատարում Թել Ավիվի և նրա հետ պաշտոնական հարաբերություններ չունեցող մի շարք երկրների միջև առևտրային հարաբերություններում (օրինակ՝ գրառմանը կցված թվիթում քարտեզագրված է, թե ինչպես են թուրքական նավերը սաուդական նավթը տեղափոխում իսրայելական նավահանգիստներ):

Ի դեպ՝ հատկանշական է նաև, որ ավագ եղբոր օրինակով Իսրայելի հետ առևտրային կապերը խզելու քայլերից զերծ է մնում նաև Ադրբեջանը, որը ևս հանդիսանում է Իսրայել պետության գլխավոր առևտրային գործընկերներից մեկը մուսուլմանական երկրների շարքում՝ հատկապես հանդիսանալով իսրայելական արտադրության հիմնական գնորդներից մեկը: Ավելին՝ այս օրերին Իսրայելի դեմ իրականացվող գործողությունների ֆոնին այդ երկիր է այցելել ադրբեջանական կառավարական պատվիրակություն, որի անդամներն իրենց իսրայելցի գործընկերների հետ հարաբերություններում բազմիցս շեշտել են, որ ադրբեջանա-իսրայելական համագործակցությունը որևէ կերպ կախված չէ թուրք-իսրայելական հարաբերություններից:

Վերոնշյալի համատեքստում կարելի է հավաստել, որ Իսրայելի դեմ թուրքական իշխանությունների գործողություններն ընդամենը կրում են ձևական բնույթ՝ բնավ էլ նպատակ չունենալով վնասել երկկողմանի խորքային հարաբերություններին: Ավելին, եթե պաշտոնական Անկարան, այնուամենայնիվ, անկեղծ է պաղեստինցիներին աջակցելու ձգտումներում, ապա առնվազն կարճաժամկետ հեռանկարում պետք է ականատես լինենք թուրք-ադրբեջանական հարաբերությունների վատթարացման, քանի որ Թուրքիայի կրտսեր եղբայրը՝ Ադրբեջանը, անթաքույց կերպով գնում է Անկարայի հակաիսրայելական նախաձեռնություններն անտեսելու ճանապարհով: Իսկ գուցե Անակարան ու Բաքուն գնում են Իսրայելի հետ հարաբերություններում փոխլրացնելո՞ւ՝ արդեն իսկ փորձարկված ուղղությամբ, ինչպես 2010-2016թթ.։ Ամեն դեպքում միայն ժամակնակը ցույց կտա ներկայացված եզրակացություններից որևէ մեկի իրավացիությունը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել