Yerkir.am-ը գրում է.

Պարոն Մարուքյանին շնորհակալություն առաջարկի համար. Խորհրդարանում լրագրողների հետ զրույցում հայտարարեց ՀՀԿ-ական պատգամավոր Արմեն Աշոտյանը:

Հիշեցնենք, որ ԱԺ ճեպազրույցների ժամին ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանը հայտարարել էր, որ եթե կան քաղաքական հետապնդումներ, որևէ բան չի խանգարում Արմեն Աշոտյանին հավաքել սահմանված քանակով ստորագրություններ և դիմել Սահմանադրական դատարան: Նա նաև առաջարկել էր, որ Աշոտյանը դիմի ՄԻՊ-ին, Արթուր Սաքունցին կամ Ավետիք Իշխանյանին, և նշել էր, որ ինքն էլ պատրաստ է նրան օգնել այս հարցում:

«Գանահատում եմ Մարուքյանի մտահոգությունը, բարձր եմ գնահատում իր մտահոգությունները։ Կարծում եմ՝ իր պարտավորությունն է այս դեպքում որպես իշխանության մաս ստեղծել էլ ավելի ժողովրդավար Հայաստան, որպեսզի բացառվեն նման տեսակի մտահոգություններն ու դեպքերը», - նշեց նա։

Աշոտյանը փոխանցեց, որ այս հարցով կդիմի իրավապաշտպանների, եթե հնարավոր լինի գտնել այնպիսիներին, որոնք այս ժամանակահատվածում «իրենց քաղաքական ճաշակը չեն խառնել իրենց իրավապաշտպանի անաչառ գործունեությանը»։

Անդրադառնալով հետապնդումներին՝ Աշոտյանը նշեց, որ ինքը շարունակում է ստանալ դիմումներ ՀՀԿ անդամներից՝ իրենց նկատմամբ հետապնդումների մասին։ Նա ասաց, որ այդ դեպքերը լրացուցիչ հետաքննության կարիք ունեն, որպեսզի կարողանան կամ ապացուցվել կամ հերքվել. «Ցավոք, նման դիմումների թիվն աճում է», - հավելեց նա։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել