«Մայիսի 24-ին պաշտոնից ազատվել է Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխա­վոր շտաբի պետը, որը թիվ մեկ զինվորական պաշտոնն է Հայաստանում: Այդ պաշտոնում Մովսես Հակոբյանին փոխարինել է հինգերորդ բանակային կորպուսի հրամանատար, գեներալ-մայոր Արտակ Դավթյանը: Մովսես Հակոբյանը տեղափոխվել է գլխավոր ռազմական տեսուչի պաշտոնին: ԶՈւ գլխավոր շտաբի պետի՝ թիվ մեկ զինվորական պաշտոնյայի փոփոխությունը, թերևս, պետք է վաղ թե ուշ մտներ Հայաստանի նոր իրավիճակի օրակարգ, քանի որ խոսքը առանցքային նշանակություն ունեցող պաշտոնի մասին է: Մյուս կողմից, սակայն, միանգամայն հասկա­նալի է, որ ի տարբերություն նույնիսկ պաշտպանության նախարարի քաղաքական պաշտոնի, այս դեպքում նշանակումը չի կարող լինել թիմա­յին սկզբունքով, և այստեղ գերազանցապես, բա­ցառապես պահանջվում է ռազմաքաղաքական համարժեքություն:

Իհարկե, նույն սկզբունքով է նշանակվել նաև պաշտպանության նախարարը, բայց ԶՈւ գլխավոր շտաբի պետի պարագայում թույլատրելի չէ սկզբունքի միլիմետր իսկ շեղում: Այդ առումով մի­անգամայն տրամաբանական է, որ Մովսես Հակոբյանին փոխարինում է բավական բարձր որակա­վորում ունեցող զինվորական: Իսկ այն, որ Արտակ Դավթյանն այդպիսին է, վկայում է ոչ միայն գլխա­վոր շտաբում նրա նախկինում աշխատանքի փոր­ձը՝ որպես օպերատիվ վարչության պետ, այլ նաև այն հանգամանքը, որ նա 2017 թվականի սեպտեմ­բերին նշանակվել է բանակային հինգերորդ կոր­պուսի հրամանատար: Առանձնահատուկն այս­տեղ այն է, որ հինգերորդ բանակային կորպուսը ներառված է հայ-ռուսական միացյալ զորախմ­բում, հետևաբար մեկնաբանությունը, թերևս, ավելորդ է, թե ինչպիսի պատասխանատվություն և որակավորում է պահանջում այդպիսի կարևոր ռազմական պաշտոնի նշանակումը: Ինչո՞ւ է հե­ռացվել Մովսես Հակոբյանը, իհարկե բավական բարդ է ասել: Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ դա տեղի է ունենում փոխադարձ համաձայնու­թյամբ: Մովսես Հակոբյանի անունը տարբեր մամուլի հրապարակումներում կապվել է զինված ու­ժերում կոռուպցիոն ռիսկերի հետ կապված տար­բեր պատմությունների, և այդ տեսանկյունից զար­մանայի էր անգամ, որ Հակոբյանն էր ապրիլյան պատերազմից հետո Յուրի Խաչատուրովին փոխարինողը»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել