Կենտրոնական ընտրական հանձնաժողովը մանդատներ տրամադրեց Երևանի «Ելք» խմբակցության 3 նոր անդամի: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, արտահերթ նիստում ԿԸՀ-ն քննարկեց Երևանի քաղաքապետից ստացված երեք արձանագրությունները` Երևանի ավագանու «Ելք» խմբակցության անդամներ Էդուարդ Աղաջանյանի, Տիգրան Ավինյանի և Արայիկ Հարությունյանի լիազորությունները վաղաժամկետ դադարեցնելու մասին:

ԿԸՀ-ն քննարկեց արձանագրությունները և «Ելք» խմբակցության ընտրական ցուցակի հերթական հաջորդ թեկնածուներին Երևանի ավագանու անդամի մանդատներ տրամադրելու որոշում կայացրեց:

Էդուարդ Աղաջանյանի թափուր մանդատը տրամադրվեց «Ելք» դաշինքի ընտրական ցուցակի հերթական հաջորդ թեկնածու Վիկտոր Ենգիբարյանին, Տիգրան Ավինյանի թափուր մանդատը` ընտրական ցուցակի հերթական հաջորդ թեկնածու Նելլի Ղարդյանին, իսկ Արայիկ Հարությունյանի թափուր մանդատը` Ռուբեն Ռուբինյանին:

ՀՀ վարչապետի Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Էդուարդ Աղաջանյանը նշանակվել է ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար, Տիգրան Ավինյանը` ՀՀ փոխվարչապետ, իսկ Արայիկ Հարությունյանը` ՀՀ կրթության և գիտության նախարար:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել