Aravot.am-ը գրում է.

Թատերական գործիչ, ռեժիսոր Նիկոլայ Ծատուրյանին դուր չեն գալիս հանրության կողմից նորընտիր վարչապետ Նիկոլ Փաշինյանին «աստվածացնելու», կուռք դարձնելու միտումները: «Նիկոլի մարդկային տեսակը շատ եմ գնահատում, բայց ճիշտ չէ նրան կուռք դարձնելը: Մի խանգարեք նրան աշխատել: Մի հատ նկարվեմ, մի հատ «սելֆի», այսինչ հարցը լուծեք, այնինչ վարկը փակեք…

Թողեք այդ մարդը հասկանա՝ ոնց է աշխատելու»,-«Հայելի» մամուլի ակումբում այսօր լրագրողների հետ հանդիպմանը նման նկատառում արեց Նիկոլայ Ծատուրյանը: Ապա ասաց. «Ոչ երնեկ Նիկոլին»: Ռեժիսորը մի օրինակ պատմեց՝ ցույց տալու համար, թե անձին կուռքի վերածելն ինչ հետեւանք կարող է ունենալ. «Ռուսական հեռուստաալիքներից մեկով Մհեր Մկրտչյանի մասին էի խոսում: Հարցրին՝ «ինչո՞ւ նա մահացավ»: Ասացի, որ ժողովրդի սիրուց մեռավ, որովհետեւ անընդհատ հետը սեղան էին նստում, խմեցնում…մարդու օրգանիզմը փչացավ: Գիտե՞ք՝ մահից մի քանի օր առաջ նա խմած վիճակում դուրս էր եկել փողոց ու մեքենա էր կանգնեցնում, բայց ոչ-ոք չէր կանգնում:

Վախենում էին, որ կփսխեր մեքենայի մեջ: Ասածս այն է, որ երբ մարդուն կուռք են դարձնում, ամեն ինչ փչանում է, մի արեք այդպես»: Նիկոլայ Ծատուրյանն այնուհետեւ քննադատեց Երեւանում ընթացող բողոքի ցույցերը եւ կոչ արեց վարչապետին թույլատրել աշխատել բնականոն հունով. «Մարդը նոր է ընտրվել, հո չի՞ «ճկռելու» այդ բեռի տակ, թողեք աշխատի»: 


Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել