Armtimes.com-ը գրում է.

Ազատություն TV-ի ֆեյսբուքյան ասուլիսի ուղիղ եթերում ՀՀ նորանշանակ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն է: ֆեյսբուքյան հարցերը հիմնականում մեղադրական երանգ ունեն՝ կապված բժիշկ-նախարարի երբեմնի ֆեյսբուքյան գրառումների, մեկնաբանությունների հետ:

Առողջապահության ոլորտում կոռուպցիոն ստվերի մասին հարցին ի պատասխան, Թորոսյանը նշեց.  «Ես լինելով ոլորտում՝ շատ լավ պատկերացնում եմ, թե որտեղ ինչ կա, և պատկերացնում եմ, որ ամեն ինչ նորմալ չէ: Քայլ առ քայլ գնալու ենք բոլորի հետևից»:

Մասնավոր կլինիկաների հարցին անդրադառնալիս, նշվեց, որ երբ այդ կլինիկաներում ծագում են խնդիրներ, բայց դրանք նախարարության տիրապետության տակ չեն, ինչպե՞ս է լուծվելու դժգոհ մնացած մարդկանց խնդիրը: Արսեն Թորոսյանը պատասխանեց, որ իրենք այդ մասին կարող են իմանալ միայն զանգերի, ահազանգերի միջոցով, կկարողանան կիրառել տուգանքների մեթոդը:

Իսկ պետպատվերի համակարգում անհավասար բաշխման մասին շարունակական անհանգստություններին ի պատասխան, նախարարը նշեց. «Այլեւս պետպատվեր չի լինելու, մենք ուզում ենք անել այնպես, որ ոչ մի կենտրոնի գումար չփոխանցվի: Եթե տվյալ կլինիկա կայցելի 10 պացիենտ, կստանան 10 պացիենտի ֆինանսավորում, կունենան 100 պացիենտ, 100 հոգու ֆինանսավորում, այսինքն՝  ըստ իրենց կատարած աշխատանքի»:

Ֆեյսբուքյան հարցերի մի մասը մարզային պոլիկլինիկաների անմխիթար վիճակի մասին էին, այնտեղ տիրող քաոսի, բժիշկների՝ վերապատրաստումներ անցած չլինելու, պատվաստումների անհրաժեշտության մասին: Վերջին հարցին պատասխանելիս, Առողջապահության նախարարը շեշտեց, որ իր երեխաներն անցել են պատվաստումներ սովորական պոլիկլինիկայում, ինքը կողմ է պատվաստումներին՝ անկախ սուբյեկտիվ կարծիքներից:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել