Փաշինյանի կաբինետի հասցեին առավել հաճախ հնչող քննադատություններից մեկը վերաբերում է նախարարներ դարձած հենց Փաշինյանի թիմի կարկառուն ներկայացուցիչների տարիքին։ Արդյունքն իրոք ակնառու է, որովհետև Կառավարության կազմի միջին տարիքը միանգամից նվազեց 10 տարով։ Արդյունքն էլ այն էպատաժն է, որը չի թողնում ֆեյսբուքյան լսարանին արդեն մի քանի օր։

Սկսենք տարիքի մասին հնչող քննադատություններից։ Ես այդքան էլ չեմ կիսում դրանք։ Իրականում, նախարարի տարիքը սկզբունքային նշանակություն չունի որպես էդպիսին։ Նշանակություն ունի այն, թե տվյալ տարիքում մարդը որքանով է հասուն՝ որպես անհատականություն ու որքանով է կոմպետենտ՝ որպես նախարար ու այլ պաշտոնյա։ Ունե՞նք արդյոք այս պահին բավարար հիմքեր, որպեսզի միանշանակորեն պնդենք, որ բոլոր նոր նախարարները տհաս են ու ոչ կոմպետենտ։ Կարծում եմ՝ ազնիվ չէր լինի նման կատեգորիկ պնդում անել այսքան վաղ։ Թերևս միայն սփյուռքի նորանշանակ նախարարն է, որ երիտասարդական էյֆորիզմը կարծես թե չի կարողանում հաղթահարել ու կաբինետում սելֆի սեշըններ է անում, բայց մնացածի մասով դեռ գլոբալ բացթողում չկա։

Արդարացի է նաև այն պնդումը, որը որոշակի ժամանակ է պետք, որպեսզի կարողանանք հստակ վերաբերմունք ձևավորել երիտնախարարիների ու նրանց կատարած աշխատանքի վերաբերյալ՝ լավ կամ վատ։ Ինձանից ավելի սկեպտիկ էլ չլինեք թե՛ այս շարժման, թե՛ այս երիտնախարարների մասով, բայց պետք է հստակ հասկանալ, որ հարկավոր չէ ատամները կրճտացնելով սպասել նրանց ձախողմանը, որովհետև նրանց ձախողումն ու դրա արդյունքում մեր իրավացիությունն ավելի կարևոր ու նախապատվելի չեն, քան նրանց հաջողումն ու մեր՝ սխալ դուրս գալը։ Մի պարզ պատաճռով՝ նրանց ձախողումից տուժելու են բոլորը, իսկ նրանց հաջողությունից՝ միայն սկեպտիկներիս էգոն։ Դրա համար կարծում եմ, որ պետք չէ միանգամից խաչել ու անարգանքի սյունին գամել նորանշանակներին, այդ թվում՝ թույլ տրված թերությունների համար։ Ավելի կառուցողական դիրքորոշում է առարկայական ու կոնկրետ առաջարկներ, հասցեական ու բովանդակային քննադատություն անելը։

Վերջապես, երիտնախարարների ու նշանակյալների անհասկանալի բեքգրաունդների մասին․ իհարկե, մտահոգիչ է սորոսասուն կերպարների այսչափ առկայությունը Նիկոլ Փաշինյանի կողքին, առավել ևս՝ լուրջ ու պատասխանատու պաշտոնների վստահումը մարդկանց, ովքեր, ըստ էության, երրորդ երկրների ազդեցության գործակալ են, չի կարող ոչ մի լավ եզրահանգում ունենալ։ Փաշինյանի համար ամենառիսկայինը հենց նշված կոնտինգենտի հետ կապված ռիսկերն են, որովհետև իրականում Ռուսաստանի չոր հակազդեցությունից մեզ միայն մի մազ է բաժանում՝ դրանից բխող բոլոր հետևանքներով, որոնք կրելու է թե՛ Նիկոլի թիմը, թե՛ բոլոր նրանք, ովքեր ապրում են մեր երկրում։ Սակայն վհուկների որս էլ պետք չէ սկսել ու պետդեպի շպիոն տեսնել ամեն մեկի մեջ, ով արտասահմանում է ուսանել ու ծրագրերի մասնակցել, գրանտ ստացել կամ էլ այլ նման բան։ Ըստ էության, դեռ միայն մի խիստ խնդրահարույց նշանակում կա կոնկրետ այս գծով, որը, սակայն, դժվար թե կարողանա երկար ձգել։

Մի խոսքով՝ քանի էյֆորիան սկսել է իջնել, ու արդեն կարելի է կոչել մարդկանց ադեկվատությանն ու բանականությանը, ուզեցա գրել սա։ Ասելիքս էլ ամփոփեմ հետևյալ կերպ․ դատեք մարդկանց, այն էլ՝ պաշտոնավոր մարդկանց, ոչ թե նրանց արտաքինով, տարիքով, սեռով ու ձեր սուբյեկտիվ վերաբերմունքով, այլ նրանց կատարած աշխատանքով ու դրա արդյունավետությամբ/անարդյունավետությամբ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել