Tert.am-ը գրում է.
Ապրիլին ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանը ստիպված էր հրաժարական տալ՝ Արևելյան Եվրոպայում այս դարի առաջին տասնամյակում տեղի ունեցած «գունավոր հեղափոխությունների» ալիքը հիշեցնող զանգվածային ցույցերի ճնշման տակ, foreignaffairs.com-ում գրում է Լուքան Ահմադ Վեյը՝ փորձելով բացատրել, թե ինչու Ռուսաստանն առանց միջամտության ընդունեց «եվրասիական հեղափոխությունը»:
Այս ցույցերը կարծես լուրջ մարտահրավեր պետք է լինեին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի համար: Նա սարսափում է իր երկրում հակաբռնապետական շարժումների հնարավոր տարածումից, և երկար ժամանակ նրան հետապնդում է տարածաշրջանում «գունավոր հեղափոխությունների» սպառնալիքի միտքը: Նա Ռուսաստանի հարևան երկրներում բռնապետերին պաշտպանելու համար միջամտելու փորձ ունի, Պուտինն Ուկրաինայում 2013-2014 թվականներին պաշտպանել է Վիկտոր Յանուկովիչին և միջամտել տարածաշրջանում մի շարք ընտրությունների, այդ թվում՝ 2006 թվականին Բելառուսի նախագահական ընտրություններին և 2004 և 2014 թվականներին Ուկրաինայի ընտրություններին:
Կարելի էր ակնկալել, որ Պուտինն իր ամբողջ աջակցությունը կտրամադրի Սերժ Սարգսյանին և Հանրապետական կուսակցությանը: Իրականում, այն բանից հետո, երբ Սերժ Սարգսյանը ստիպված եղավ ապրիլի 23-ին հրաժարական տալ, Ռուսաստանը սկսեց աշխատել հետնաբեմում՝ Կարեն Կարապետյանին իշխանության փոխանցումը կազմակերպելու համար: Ռուսական հսկողության տակ գտնվող պարբերականները սկսեցին ցույցերն Արևմուտքի կողմից կառավարվող «հերթական մայդան» պիտակավորել: Այնուամենայնիվ, երբ Հանրապետական կուսակցությունը չկարողացավ բողոքի ցույցերի պատճառով Կարեն Կարապետյանին հանձնել իշխանությունը, Պուտինն անսպասելիորեն լռեց, ռուսական լրատվամիջոցներն, իրենց հերթին, դադարեցին շարժումը վարկաբեկել, և ռուսական իշխանությունները չփորձեցին ճնշում գործադրել Հայաստանի իշխանությունների վրա ընդդիմության նկատմամբ ուժ կիրառելու համար, ինչպես դա արել էին Ուկրաինայում 2014 թվականին: Ավելին, Պուտինն առաջիններից էր, որ շնորհավորեց Նիկոլ Փաշինյանին ՀՀ վարչապետ ընտրվելու կապակցությամբ:
Հասկանալու համար Պուտինի պահվածքը՝ կարևոր է հասկանալ Ռուսաստանի արտաքին քաղաքականության և տարածաշրջանի վրա իր ազդեցության վերաբերյալ որոշակի թյուրըմբռնումները: Նախ, չնայած հակաժողովրդավարական իշխանություններին սատարելու համբավին, Պուտինին շատ ավելի հետաքրքրում է իշխանության աշխարհաքաղաքական հավասարակշռությունը, քան այն, թե արդյոք կոնկրետ երկրները ժողովրդավարական են, թե բռնապետական: Պուտինն ակնհայտորեն ժողովրդավարության ջատագով չէ, և ընտրության դեպքում կնախընտրի աշխատել բռնապետությունների հետ, բայց միայն դրա համար նա լուրջ ջանքեր գործադրելու մտադրություն չունի:
Ամբողջական հոդվածը կարցող եք կարդալ այստեղ