Հայաստանում ընդունված է 2-րդ հանրապետությունը համարել յուրօրինակ «խզում», 1-ին ու 3-րդ անկախ հանրապետությունների միջև խրված օտարածին մի սեպ, որն, ըստ էության, հանրապետություն էլ չէր, այլ գաղութային վարչակարգ։

Այնպես չէ, որ սա անհիմն և նույնիսկ սխալ տեսակետ է, բայց փորձենք այլ տեսանկյունից էլ դիտարկել։

Արդյոք կկայանա՞ր 3-րդ հանրապետությունը, եթե չունենար Խորհրդային Միությունից ժառանգած ռեսուրսները։ Հասկանալի է, որ ԽՍՀՄ-ն այդ պաշարները նորանկախ Հայաստան ծնելու համար չէր ստեղծել, բայց, ըստ էության, այդ ռեսուրսները ծառայեցին հենց դրան՝ սկսած խորհրդային ժամանակաշրջանում 4 անգամ աճած բնակչությունից, վերջացրած սովետահայ գրող Խաչիկ Դաշտենցի «Ռանչպարների կանչով», իսկ ամենակարևորը՝ կառավարման համակարգով, որը թեպետ շատ (ու նաև տեղին) է քննադատվել, բայց տվել է Հայաստանի Հանրապետությանը կառավարման քիչ թե շատ փորձ ունեցող կադրեր (Թելման Տեր-Պետրոսյան ևն)։

Այո´, Սովետները խժռեցին առաջին հանրապետությունը, այո´, ՀԽՍՀ-ն իրականում հանրապետություն էլ չէր, այո´, անկախ էլ չէր, բայց ամեն դեպքում Հայաստան պետության էվոլյուցիոն շղթայի մի կարևոր օղակ էր։ Եւ այո´, այդ զարգացումը կարող էր այլ ուղով էլ ընթանար, բայց պատմությունն, ինչպես գիտենք, «եթե»-ներ չի ճանաչում։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել