Ռուսաստանում գործող Հայ և Ադրբեջանական հայրենակցական միությունները մի հատ սիրելի զբաղմունք ունեն․ մարդ են ուղարկում «մրցակցի» հավաքներին, ու այդ ղրգված մարդը հարց ու պատասխանի ժամանակ վեր ա կենում ու հարցնում՝ ո՞ւմ շահերն է պաշտպանելու Ռուսաստանում Հայերի/Ադրբեջանցիների միությունը, եթե Ռուսաստանի Դաշնությունը պատերազմ հայտարարի Հայաստանին/Ադրբեջանին: Հարցը լսելիս միությունների աշխատողները շատ հանգիստ ու ցուցադրաբար վստահությամբ ասում են, որ միանշանակ ՌԴ շահերն են պաշտպանելու, քանի որ նրանք հպարտ ու ՀԱՎԱՏԱՐԻՄ ՌԴ քաղաքացիներ են, և որ իրենց պատմական հայրենիքը շատ թանկ է, բայց երկրորդ տեղում է:

«Մրցակցիները» տարիներ շարունակ փորձում են գտնել այն սայթաքողին, ով կտրվի սադրանքին և կասի այն, ինչը բոլորն առանց այդ էլ գիտեն: Եթե նման հարիֆ գտնում են, բռնում, նկարում են ու տարածում ցանցում, միևնույն ժամանակ գրում են ուր որ պետք է՝ տեղեկացնելով, որ էս անշնորհակալ հայերը/ադրբեջանցիք դավաճանելու են իրենց կերակրող «չափից դուրս մեծահոգի» ռուս ժողովրդին: Միևնույն ժամանակ թե՛ հայկական և թե՛ ադրբեջանական միություններում գործող ներքին ընդդիմադիրներն այդ կառուցների քաղաքականապես կոռեկտ դիրքորոշումը ներքին կարգով շահարկում են բնակչության մեջ՝ փորձելով ատելություն սերմացնել «ռսի ստրուկ» հանդիսացող միության ներկայիս ղեկավարության հանդեպ:

Այս ամենն արվում է այն հաշվարկով, որ մի պայծառ օր, մի շարքային ՖՍԲ-շնիկ կարթնանա ցանկացած ներքին «մուտիլովկին» չափազանց նյարդային և կոշտ արձագանքող իր համակարգում ու նույնպես կսայթաքի՝ արձագանքելով իրար գլխին շինող կովկասցիքի մուտիլովկին: Այս ամենը տեղի է ունենում, քանի որ Ռուսաստանում ցանկացած հարյուր հոգանոց հավաք համարվում է մի փոքր ազգային անվտանգության սպառնալիք և պիտի լիարժեք վերահսկվի:

Հիմա մոտավորապես պատկերացնո՞ւմ եք՝ ինչ ռեակցիա է տվել այդ ամբողջ համակարգը, երբ ԵԱՏՄ երկրների ղեկավարների գագաթնաժողովի ժամանակ Նիկոլ Փաշինյանը Սոչիում փոքր հանրահավաք է անցկացրել՝ բազմաթիվ անգամ կրկնելով ակնհայտորեն ազգայնական լոզունգներ: Չգիտեմ՝ ով ա կազմակերպել այդ ամենը, բայց այդ կազմակերպիչը կա՛մ շատ հիմար էր ու չգիտեր՝ ինչ էր անում, կամ էլ շատ խելացի ու շատ լավ գիտեր՝ ինչ էր անում:

Հ.Գ. Երեկ էլ իմացա, որ բոլոր հնարավոր պարսկական ԶԼՄ-ներից Փաշինյանն իր առաջին հարցազրույցը որոշել է տալ «Ազատություն» ռադիոկայանի պարսկերեն տարբերակին: Այսինք՝ ամեն-ամենավատ հնարավոր տարբերակը: Ձեռի հետ կարար մի հատ էլ ղուրան վառեր ուղիղ եթերում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել