Շիրակի պետական համալսարանում ստեղծված իրավիճակի լուծումը հետևյալն է՝ ձևավորվելու է նոր խորհուրդ, որը մեր վերահսկողությամբ, օրենքի տառին համապատասխան կանցկացնի ռեկտորի նոր ընտրություններ: Այս մասին Շիրակի պետական համալսարանում լրագրողների հետ հանդիպմանն ասաց ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանը:

Նախարարը հայտնեց, որ երեկ և այսօր հանդիպումներ է ունեցել բոլոր շահագրգիռ կողմերի հետ:

«Երեկ հանդիպում եմ ունեցել ռեկտոր Մինասյանի հետ, այսօր նույնպես առանձնազրույց ենք ունեցել և մենք այս իրավիճակից դուրս գալու մեկ լուծում ենք գտել: Ինձ համար այս պրոցեսում անընդունելի էր ոչ ակադեմիական մթնոլորտը, երբ որ փոխադարձ վիրավորանքների պայմաններում քննարկվում էին Շիրակի պետական համալսարանի ներքին խնդիրները»,- նշեց Արայիկ Հարությունյանը:

Հիշեցնենք, որ ԱԺ «Հայաստանի Հանրապետական կուսակցություն» խմբակցության անդամ Ֆելիքս Ցոլակյանը նախօրեին հրաժարական է տվել Շիրակի պետական համալսարանի խորհրդի նախագահի պաշտոնից:

Արայիկ Հարությունյանի խոսքով՝ խորհուրդը ձևավորված է եղել նախկին իշխանության կողմից, և այժմ կարիք կա նոր խորհուրդ ձևավորելու:

«Պարոն Մինասյանը շատ լուրջ քայլի է գնացել, որը ողջունելի է: Այսօր ռեկտորի պաշտոնակատար կնշանակվի Երվանդ Սերոբյանը՝ ռեկտորի տեղակալը: Հաջորդ շաբաթ մենք նորից հանդիպումներ կունենանք, ես նորից կայցելեմ Գյումրի, առանձին հանդիպում կունենամ ուսանողների և դասախոսների հետ»,- հայտնեց նախարարը:

Արայիկ Հարությունյանը ռեկտորի պաշտոնակատարին խնդրեց առաջիկա շաբաթների ընթացքում դիտարկել հեռացված երկու դասախոսների՝ Հովհաննես Խորիկյանի և Գագիկ Համբարյանի վերականգնման հնարավորությունը:

«Առհասարակ, բոլոր բուհերում խնդիրներն այսկերպ պետք է լուծվեն՝ բանակցությունների, փոխզիջումների միջոցով: Պետք է հաշվի առնենք, որ ունենք նոր իրողություն: ԿԳՆ ամբողջությամբ շահագրգիռ կողմերի տրամադրության տակ է, մենք որևէ կողմնապահություն չունենք այս հարցերում: ԿԳՆ-ն բացառապես ելնելու է ոլորտի շահերից»,- հայտնեց Հարությունյանը:

Արդեն շուրջ 2 տարի ՇՊՀ ռեկտորի պաշտոնը զբաղեցրած Սահակ Մինասյանն էլ նկատեց, որ կառավարման խորհրդի նախագահի հրաժարականով խնդիրներ են առաջացել:

«Ես բնավ հակված չեմ խորհուրդն անփոփոխ մնալու գաղափարին, հակառակը՝ հակված եմ, որպեսզի խորհուրդն ավելի ժողովրդական ընտրվի, ընտրվի նոր խորհուրդ և իրականացվեն ռեկտորի նոր ընտրություններ»,- ասաց նա:

Հարցին, թե ռեկտորի նոր ընտրություններում առաջադրվելու եք, Սահակ Մինասյանը պատասխանեց. «Հետոյի մասին կասեմ հետո»:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել