Armtimes.com-ը գրում է.

Շիրակի պետական համալսարանում այսօր կրկին շարունակվել է բողոքի ակցիան: Պահանջը նույնն է՝ ռեկտոր Սահակ Մինասյանը պետք է հրաժարվի զբաղեցրած պաշտոնից:

Աշխատանքից ազատված դասախոս Գագիկ Համբարյանը նշեց, թե նախկինում Սերժ Սարգսյանն էր հովանավորում Սահակ Մինասյանին, հիմա էլ խոսակցություններ կան, որ Մինասյանին հովանավորում է ԱԺ պատգամավոր Սասուն Միքայելյանը: Համալսարանի նախկին ռեկտոր Վարդեւան Գրիգորյանն էլ նշեց, որ պետք չէ շոշափել Սասուն Միքայելյանի անունը, նա սկզբունքային, ազնիվ ազատամատիկ է, եւ չի կարող նման բան լինել:«Սա հակակրթական մարդ է: Ես բացահայտ ասում եմ՝ ՇՊՀ ռեկտոր Սահակ Մինասյանը կեղծ լիցենզիաներով բիզնես գործունեություն է ծավալում: Մարդկանց խաբում է, ասում է՝ ես կարող եմ Ձեզ քաղաքագետի, սոցիոլոգի, իրավագետի ծրագիր մատուցել, բայց իրականում խաբում է: Էս մարդը չի հասկանում՝ ինչ բան է բարձրագույն կրթությունը, էս մարդը խոպան է եկել ՇՊՀ, եւ ես հորոդորում եմ Շիրակի մարզի դատախազ Կարեն Գաբրիելյանին՝ շատ արագ արձագանքել գրադարանի, գնումների մասին օրենքի բոլոր խախտումներին: Ի դեպ, ԿԳՆ ակտում հստակ նշված են կետերը, որոնք խախտվել են Սահակ Մինասյանի կողմից: Սեպտեմբերի 22-ին Սահակ Մինասյանը պատռեց մեր դասաբաշխումը միայն այն բանի համար, որ պատմության ամբիոնի վարիչ պարոն Խորիկյանը 1 դրույք չէր տալիս  պարոն Մինասյանի կողմից հովանավորվող Աբրահամյան Վարդիթերին, ով ԿԳ նախկին նախագահ Լեւոն Մկրտչյանի համակուրսեցին է»,-հայտարարեց Գագիկ Համբարյանը: 

Բողոքի այսօրվա ցույցին մասնակցող Երեւանի ավագանու անդամ, կրթության փորձագետ Անահիտ Բախշյանն էլ նշեց, թե Սահակ Մինասյանը կարծում է՝ դեռ հանրապետականի ժամանակներն են:«Ինքը դեռ տաք է, չի հասկանում, որ վերջացավ, ինքը պիտի սուս-փուս գրեր, գնար, բայց ընդդիմանում է, ասում է՝ ես չեմ տալու հրաժարականը, մենք էլ ասում ենք՝ կտաս, էն էլ ոնց կտաս, կարո՞ղ է դու Սերժից ուժեղ ես, կարո՞ղ է դու ավելի կարող էիր, ավելի մեծ իշխանություն ունեիր, քան Սերժը: Սերժը ոչ միայն գնաց, այլ նաեւ ասաց՝ Նիկոլ, դու ճիշտ էիր: Հիմա դու, Սահակ Մինասյան, եթե դու նամուս ունեցող գյումրեցի ես, ապա այսօր եւեթ պիտի տաս էդ հրաժարականը»: 

Դրսում բողոքողներին, սակայն, համալսարանից արձագանքող չեղավ: Բոլորին տեղյակ պահեցին, որ ռեկտոր Սահակ Մինասյանին առավոտ վաղ հրատապ կանչել են ԿԳ նախարարություն: Անահիտ Բախշյանն էլ հայտարարեց, թե վաղը՝ մայիսի 11-ին, առավոտ շուտ համալսարանի կառավարման խորհրդի նախագահ, ԱԺ պատգամավոր Ֆելիքս Ցոլակյանը հանդես կգա հայտարարությամբ, բայց թե ինչ բովանդակությամբ՝ անհայտ է:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել