Ahamshyan.com-ը գրում է.

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ այսօր՝ մայիսի 5-ին, Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Շենգավիթի քննչական բաժնի պետ, արդարադատության գնդապետ Սամվել Մաթևոսյանի որոշմամբ մայիսի 4-ին Շենգավիթի վարչական տարածքում առանձնակի դաժանությամբ սպանության փաստով հարուցված քրեական գործի քննչական խմբի ղեկավար, ավագ քննիչ Դավիթ Սարգսյանը միջնորդություն է ներկայացնելու Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան, որպեսզի դատարանը, որպես խափանման միջոց, երկամսյա կալանքի որոշում կայացնի Աշտարակ քաղաքի Տիգրան Մեծի փողոցի բնակիչ, սակայն Երևան քաղաքի Սիսակյան թաղամասում բնակվող 23-ամյա Ռազմիկ Հովհաննիսյանի նկատմամբ։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վերջինիս նկատմամբ քրեական գործ է հարուցվել ՀՀ քր .օր-ի 104 հոդվածի 1-ին մասի (սպանություն) հատկանիշով։ Նրան մայիսի 4-ին, գիշերը ժամը 05։30-ի սահմաններում Երևան քաղաքի Թումանյան և Խանջյան փողոցների խաչմերուկում հայտնաբերել էին ոստիկանության Շենգավիթի բաժնի (բաժնի պետ, ոստիկանության գնդապետ Հրաչ Խոստեղյան), ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի (բաժնի պետ, ոստիկանության գնդապետ Գարիկ Ղուկասյան), ոստիկանության Չարբախի բաժանմունքի (բաժանմունքի պետ Արթուր Ֆիշյան) ծառայողները՝ ստացված օպերատիվ-հետախուզական միջոցառումներն իրականացնելու արդյունքում։

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ բերման ենթարկելուց հետո արդեն քննչական բաժնում Ռ. Հովհաննիսյանը հերքել է իր մասնակցությունը տեղի ունեցածին, սակայն թե ոստիկանների և թե քննիչների ճիշտ, օպերատիվ ու պրոֆեսիոնալ գործողությունների արդյունքում նա հասկացել է, որ տեղ չունի իրավապահներին մոլորեցնելու և կատարվածի մասին բացատրություն է տվել։ Նախաքննության շահերից ելնելով՝ այս պահին չենք հրապարակում մեր ստացված տեղեկությունները։

Միայն կարող ենք հայտնել, որ ոստիկաններն ու քննիչները հսկայածավալ, օպերատիվ-հետախուզական և քննչական գործողությունների արդյունքում դեպքի հանգամանքները պարզել են։ Ավելի վաղ հայտնել էինք, որ SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ մայիսի 4-ին Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Շենգավիթի քննչական բաժնի քննիչի որոշմամբ ձերբակալվել էր Աշտարակ քաղաքի Տիգրան Մեծի փողոցի բնակիչ՝ 23-ամյա Ռազմիկ Հովհաննիսյանը։ Վերջինս կասկածվում էր մայիսի 4-ին 26-ամյա Գոռ Գասպարյանին դանակի մի քանի հարվածով սպանելու մեջ։

Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ կասկածյալ Ռ. Հովհաննիսյանը քննչական մարմնին հայտնել էր, որ ինքը դերասան է և նկարահանվել է մի քանի սերիալներում։ Շենգավիթի ոստիկաններն ու քննիչները ձեռք էին բերել տեսանյութ, որը ֆիքսել էր տեսախցիկը, թե ինչպես էր տեղի ունեցել սպանությունը։ Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել