«Երևանի ավագանու «Ելք» խմբակցու­թյան ղեկավար Դավիթ Խաժակյանն օրեր առաջ հայտարարություն էր տարա­ծել, որտեղ նշված էր քաղաքապետ Տարոն Մարգարյանի հրաժարականի պա­հանջը: Հայտարարության մեջ, մասնա­վորապես, նշված էր. «Երևան քաղաքը Հայաստանի Հանրապետությունում տե­ղի ունեցող իշխանափոխության լոկոմոտիվն է, ինչը նշանակում է, որ օր առաջ Երևան քաղաքի իշխանությունը ևս պետք է փոխվի: Հիմք ընդունելով վերոգրյալը՝ Երևանի ավագանու «Ելք» խմբակցության անդամները պահան­ջում են քաղաքապետ Տարոն Մարգար­յանի հրաժարականը»:


Սակայն պարզվում է՝ այսպիսի գործըն­թաց սկսելու շուրջ «Ելք» խմբակցության մաս կազմող «Քաղաքացիական պայմա­նագիր» կուսակցության անդամներն իրենց համաձայնությունը դեռևս չեն տվել: Մասնավորապես՝ մեզ հետ զրույ­ցում Երևանի ավագանու «Ելք» խմբակ­ցության ղեկավար Դավիթ Խաժակյանը նշեց, թե սպասում են մայիսի 8-ին կայա­նալիք վարչապետի ընտրությանը, որից հետո ցանկանում են սկսել Երևանի քաղաքապետին անվստահություն հայտնե­լու գործընթաց:

Միևնույն ժամանակ նա մեզ հետ զրույցում նշեց, թե ծանոթ է «Քաղաքացիական պայմանագիր» կու­սակցության ներկայացուցիչ Ալեն Սիմոնյանի այն մեկնաբանությանը, թե այժմ իրենց օրակարգում նման բան չկա: Անդրադառնալով «Ելք» խմբակցության կողմից տարածված հայտարարությանը՝ ավագանու անդամ, ՔՊ ներկայացուցիչ Ալեն Սիմոնյանը «Ժողովուրդ» օրաթեր­թին փոխանցեց, թե իրենց կուսակցությու­նում նման հարց դեռևս չի քննարկվել:


Ինչ վերաբերում է քաղաքապետին անվստահություն հայտնելու գործընթա­ցին, նշենք՝ «Երևան քաղաքում տեղա­կան ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 40 հոդվածում ամրագրված է.

1. Ավագանու անդամների ընդհանուր թվի առնվազն մեկ երրորդը կարող է ներկայացնել քաղաքապետին անվստահու­թյուն հայտնելու որոշման նախագիծ: Որոշման նախագիծը ներառում է ավա­գանու այն անդամի անուն-ազգանունը, որին նախաձեռնող խումբն առաջադրում է որպես քաղաքապետի թեկնածու, ինչ­պես նաև այն պետք է ստորագրեն նա­խաձեռնող խմբի բոլոր անդամները:

2. Քաղաքապետին անվստահություն հայտնելու վերաբերյալ որոշման նախա­գիծը հանձնվում է քաղաքապետին, ինչ­պես նաև ավագանու խմբակցություննե­րին: Ավագանու խմբակցություններն այդ մասին անհապաղ տեղեկացնում են իրենց խմբակցությունների անդամներին:

3. Քաղաքապետին անվստահություն հայտնելու մասին որոշման նախագիծը ներկայացվելուց հետո՝ 36 ժամվա ընթաց­քում, նախաձեռնող խմբի մեջ չմտնող ավագանու անդամների ընդհանուր թվի առնվազն մեկ երրորդը կարող է ևս ներկայացնել քաղաքապետին անվստահու­թյուն հայտնելու վերաբերյալ որոշման նախագիծ՝ առաջադրելով քաղաքապետի այլ թեկնածու»,-գրում է թերթը:


Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել