Տոտալիտար պետություններն իրենց օրենքներն ունեն: Այն ամենը, ինչ մյուս երկրների բնակիչները սովորական են համարում, այնպիսի երկրում, ինչպիսին Հյուսիսային Կորեան է, համարվում է հանցագործություն և կարող է հանգեցնել աշխատանքից հեռացման, տուգանքի, բանտարկման կամ մահվան: Այսպիսով` ի՞նչ է արգելված անել Հյուսիսային Կորեայի բնակիչներին:

Արտերկիր զանգեր կատարել

Հյուսիսային Կորեայի բնակիչներին արգելված է միջազգային հեռախոսակապից օգտվել: Անգամ եթե նրանց հարազատներn օրինականորեն լքել են երկիրը, օրինակ՝ աշխատում են դեսպանատներում, նրանց հետ հեռախոսով զրուցելն արգելվում է: Հայտնի են մի քանի դեպքեր, երբ այս պետության քաղաքացիները պատժի են ենթարկվել Հարավային Կորեայի իրենց հարազատների հետ հեռախոսով խոսել փորձելու համար:

Լսել արևմտյան երաժշտություն

Տեղեկատվության բոլոր աղբյուրները՝ և՛ հեռուստատեսությունը, և՛ ռադիոն, Հյուսիսային Կորեայում հսկվում են պետության կողմից: Այնտեղ ներկայացվում են միայն հայրենասիրական երգեր: Արևմտյան փոփ լսել հնարավոր է միայն անօրինական աղբյուրներից, իսկ դա արդեն հանցագործություն է:

Ոչ ստանդարտ սանրվածք անել

Հյուսիսային Կորեայում գոյություն ունի թույլատրված սանրվածքի միայն 28 տարբերակ՝ 18՝ կանանց և 10՝ տղամարդկանց համար: Կանոնից շեղվել վարսահարդարներին արգելվում է: Իսկ մազերի համար նախատեսված ներկ երկրում առհասարակ գոյություն չունի. անգամ եթե ցանկանում եք խախտել կանոնը և ներկել մազերը, միևնույն է, հնարավորություն չեք ունենա դա անելու:

Արևմտյան տեխնիկայի տիրապետել

Տեխնիկայի բոլոր տեսակները՝ սկսած բջջային հեռախոսներից, վերջացրած հեռուստացույցներով, որոնց տիրապետում են Հյուսիսային Կորեայի քաղաքացիները, արտադրված են Չինաստանում: Բնակիչներին արգելված է արևմտյան տեխնիկա գնել, քանի որ նման կերպով նրանք ուղղակիորեն նյութապես կաջակցեն իմպերիալիստներին:

Ջինսեր կրել

Ջինսերն ամերիկյան իմպերիալիզմի խորհրդանիշն են, հետևաբար, հագնելով դրանք, մարդն արտահայտում է իր համակրանքն առ ԱՄՆ: Դրա համար նրան պատժում են՝ ընդհուպ մինչև ազատազրկման ենթարկելով: Բարեբախտաբար, սա արևմտյան զբոսաշրջիկներին չի վերաբերում. նրանց սերն ամերիկյան իմպերիալիզմի հանդեպ կորեացիներն անխուսափելի են համարում:

Հանգստանալու համար արտերկիր գնալ

Հյուսիսային Կորեայի միայն մի քանի բնակիչներ կարող են իրենց «սիրելի» երկրի սահմանները լքել: Դրանք են՝ մրցումների մեկնող մարզիկները, դեսպանները և բարձրարգո պետական գործիչները՝ հանդիպումների և բանակցությունների մեկնելու համար: Եթե սովորական քաղաքացին ցանկանում է լքել երկիրը ճամփորդելու նպատակով, շրջապատը նրա այդ արարքը լավագույն դեպքում կորակի որպես դավաճանություն:

Խմել արգելված ժամի

Հյուսիսային Կորեայում ալկոհոլի օգտագործումը խստորեն վերահսկվում է պետության կողմից: Խմել թույլատրվում է ոչ բոլորին և ոչ միշտ: Երբեմն ալկոհոլ օգտագործելն արգելվում է ողջ երկրում ու բոլորի համար, և այդ դեպքում օրենքը խախտողին ծանր պատիժ է հասնում: Այսպես՝ 2011 թ. Կիմ Չեն Իրի մահից հետո երկրում տիրող 100-օրյա սուգի ընթացքում երկրում արգելված էր ալկոհոլային ըմպելիքներ օգտագործել:

Մեքենա վարել

Սեփական ավտոմեքենա ունենալ Հյուսիսային Կորեայում կարող են միայն բարձր պաշտոնյաներն ու զինվորականները, որոնք դրա համար հատուկ թույլտվություն են ստանում՝ ավտոմեքենայի հետ միասին: Եթե հասարակ քաղաքացին ղեկի դիմաց նստի՝ պաշտոնյա հարևանից խնդրելով կամ գողանալով մեքենան, ապա նրա ուղևորությունը կավարտվի բանտախցում: Իսկ ռազմական ատոմեքենայի ղեկին հասարակ քաղաքացու նստելը հանգեցնում է մահապատժի:

Տեղափոխվել մայրաքաղաք

Տեղափոխվել Փհենյան՝ առավել զարգացած ու հարմարավետ քաղաք, ամենայն հավանականությամբ, երազում են շատերը: Սակայն դա հնարավոր է անել միայն այն դեպքում, եթե քաղաքացիներին այնտեղ հատուկ ծառայության են ուղարկում կամ թույլտվություն է տալիս իշխանությունը: Եթե քաղաքացին չունի պաշտոնյա ընկերներ կամ հարազատներ, ապա այդ հնարավորությունը նրա համար գոյություն չունի:

Հավատացյալ լինել

Հյուսիսային Կորեայի քաղաքացիներն աթեիստներ են: Նրանցից ոմանք աստվածային առաջնորդ են համարում միմիայն Կիմ Չեն Ինին: Մնացած հավատալիքներն ու կրոնները «վնասակար են առողջության համար»: Որևէ կրոն դավանելը Հյուսիսային Կորեայում կարող է բերել մահապատժի: Դրա մասին սեփական փորձից 2013 թ. իմացան շուրջ 80 գաղտնի քրիստոնյաներ, որոնք պատժվեցին Աստվածաշունչ ունենալու համար:

Վրիպակներ անել հոդվածներում

Հյուսիսային Կորեայում լրագրող լինելը «մահացու» վտանգավոր է, քանի որ ամենափոքր սխալի պատճառով անգամ ձեզ կարող են ազատել աշխատանքից, բանտ նստեցնել և անգամ կյանքից զրկել: Վերջինը չափազանցություն չէր. 2015 թ. այս երկրում մահապատժի ենթարկվեց մի լրագրող, ով առաջնորդ Կիմ Չեն Ինի վերաբերյալ հոդվածում վրիպակ էր արել:

Փախչել ճամբարից

Ազատազրկման վայրից փախուստ կատարելը հանցագործություն է համարվում բոլոր երկրներում: Սակայն միայն Հյուսիսային Կորեայում է, որ աշխատանքային ճամբարից փախուստ կատարելու համար պատժի են ենթարկում ոչ միայն հենց փախչողին, այլև նրա ընտանիքի երեք սերնդի՝ երեխաներին, ծնողներին, տատին ու պապին: Վերջիններս պարտավորվում են նույնպես աշխատանքային ճամբար գնալ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել