«ՀՀ առողջապահության նախարարությունը դեղերի գնումների պլանավորման և իրականացման արդյունքում արդյունավետ չի օգտագործել պետական միջոցները: Ավելին՝ այդ գնված դեղերի բաշխումից հետո առաջացել են մեծաքանակ մնացորդներ:

ՀՀ վերահսկիչ պալատն ուսումնասիրել է առողջապահության նախարարության կողմից դեղերի ձեռքբերման կարգը, հիմնականում ներկրված դեղերի գները, դրանց քանակի որոշումը, ծախսման, հաշվառման և հաշվետվությունների կազմման գործընթացները: Արդյունքում պարզվել է, որ նախարարությունը կենտրոնացված կարգով կազմակերպություններից ձեռք է բերել դեղեր, որոնք ներմուծվել են ավելի էժան գնով, քան մատակարարվել են: Իսկ ԱՆ-ն պատշաճ միջոցներ չի ձեռնարկել այդ ամենը բացառելու ուղղությամբ:

Օրինակ՝ ցիկլոսպորին տեսակի 50 մգ դեղի մեկ դեղապատիճը 2015 թվականին գնվել է «Վագա Ֆարմ» ընկերությունից՝ 1100 դրամով:

Մինչդեռ ընկերությունը այն ներմուծել է 414 դրամով: Այսինքն՝ մատակարարվել է ներմուծման արժեքից ավելի քան երկու անգամ թանկ գնով: «Ժողովուրդ» օրաթերթը պարզեց, որ 2016 թվականին մեկ դեղապատիճը գնվել է նույն ընկերությունից 990 դրամով այն դեպքում, երբ 415 դրամով է այն ներմուծվել: Արդյունքում՝ միայն 2016 թվականին ներմուծման և մատակարարման գումարների տարբերությունը կազմել է 5 մլն 806 հազար 300 դրամ:

Մյուս՝ էրիթրոպեէտին բետտա 2000 ՄՄ դեղը, 2015-2016 թվականներին գնվել է «մեկ սրվակը 6500 դրամով, որը ներմուծվել է 4982 դրամով: Այսպես՝ 2015 թվականին ներմուծման և մատակարարման գումարների տարբերությունը կազմել է 91 մլն 104 հազար դրամ, 2016 թվականին՝ 68 մլն 328 հազար դրամ: Իսկ ահա օմնոպեն 2 տոկոս-1 մլ դեղը մատակարարվել է «Արֆարմացիա» ընկերության կողմից 2015 թվականին մեկ սրվակը 241 դրամով, իսկ 2016-2017 թվականներին 345 դրամով, ինչը ներմուծման գնից 43.2 տոկոսով թանկ  է: Արդյունքում՝ 2016-2017 թթ. գնի աճը հանգեցրել է ծախսի ավելացմանը՝ 2016-ին՝ 3 մլն 365 հազար 400 և 2017-ին՝ 4 մլն 586 հազար 400 դրամով,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել