Թուրքիայի ներքին գործերի նախարար Սուլեյման Սոյլուն հատուկ հայտարարություն է տարածել Ստամբուլի Քադըքյոյ շրջանում հայկական Սուրբ Թագավոր եկեղեցու վրա կատարված ազգայնական հարձակման վերաբերյալ։

Թուրքական Cumhurriyet պարբերականը փոխանցում է, որ Սոյլուն դատապարտել է տեղի ունեցածը՝ հարձակումն «անընդունելի» անվանելով։

Հայտնի է, որ Սոյլուն դեպքի առնչությամբ զանգահարել է Պոլսո Հայոց պատրիարքի փոխանորդ Արամ Աթեշյանին ու Սուրբ Թագավոր եկեղեցու հիմնադրամի նախագահ Արամ Բյուքյուջույանին։

Նախարարը նաև խոստացել է, որ իրավապահ մարմինները կանեն հնարավոր ամեն բան՝ հանցագործին գտնելու ու պատասխանատվության ենթարկելու համար։

Հիշեցնենք․ անցյալ գիշեր «Էրզրումցի 25» անունով գրությունը թողած անձը եկեղեցու պարիսպի վրա թուրքերեն գրել է․ «Այս հայրենիքը մերն է»։ Բացի այդ՝ նա մեծ քանակությամբ աղբ է լցրել եկեղեցու բակում՝ փակելով դրա մուտքը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել