Իրավունքի ուժով գումարված Ազգային ժողովի հատուկ նիստում այսօր՝ մայիսի 1-ին, քննարկվում է ՀՀ վարչապետի ընտրության հարցը։ 

ՀՀ Ազգային ժողովի «Ելք» խմբակցությունը, Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 149-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն, վարչապետի թեկնածու է առաջադրել Նիկոլ Փաշինյանին: Այլ թեկնածություններ չեն առաջադրվել: 

Ըստ ՀՀ Սահմանադրության՝ վարչապետն ընտրվում է ձայների մեծամասնությամբ: 105 պատգամավոր ունեցող խորհրդարանի պարագայում վարչապետ ընտրվելու համար բավարար է 53 ձայնը: 

Հիշեցնենք, որ «Ելք» խմբակցության կողմից առաջադրված թեկնածու Նիկոլ Փաշինյանը երեկ հանդիպումներ է ունեցել ԱԺ խմբակցությունների հետ, որից հետո «Ծառուկյան» և «Հայ Յեղափոխական Դաշնակցություն» խմբակցությունները հայտարարեցին, որ կսատարեն Նիկոլ Փաշինյանին:

Ըստ այդմ՝ Նիկոլ Փաշինյանը կունենա 47 ձայն, այսինքն՝ նրան հավելյալ 6 ձայն է անհրաժեշտ վարչապետ ընտրվելու համար:

«Հայաստանի Հանրապետական կուսակցություն» խմբակցությունը դեռևս չի հայտարարել հստակ՝ արդյո՞ք կողմ կքվեարկեն Նիկոլ Փաշինյանի թեկնածությանը: Միաժամանակ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը հայտարարել էր, որ ՀՀԿ-ն չի խոչընդոտի, որ Հայաստանը վարչապետ ունենա: 

Երեկ երեկոյան ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովն էլ հայտարարել է, որ ՀՀԿ-ն վարչապետի թեկնածուի քվեարկության վերաբերյալ որոշում կընդունի Նիկոլ Փաշինյանի ծրագրին ծանոթանալուց հետո։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել