Այսօր՝ ժամը 21։00-ին, «Արմենիա» հեռուստաընկերության եթերում մեկնարկում է Ելենա Արշակյանի «Դեպի վայրէջք» 25 մասից բաղկացած հեռուստանովելը: Ստեղծագործական կազմն անդրադարձել է մեր ժամանակների արդիական մի թեմայի, որի մասին շատ հաճախ լռում են և չեն խոսում։ Այստեղ ներկայացված է հասարակության արձագանքը թրաֆիքինգի զոհ դարձած կանանց։ Այս ամենի կողքին կա սեր և ընկերություն: Դերասանական կազմում են Սարգիս Գրիգորյանը, Գնել Սարգսյանը, Էվա Խաչատրյանը, Յանա Գրիգորյանը, ով Սարգիս Գրիգորյանի դուստրն է, Ալեքսանդր Բաբասյանը, Աննա Էլբակյանը, Վարդան Հովսեփյանը, Մերի Հակոբյանը և այլք:  

Ֆիլմում առաջին անգամ նկարահանվել է Սարգիս Գրիգորյանի դուստրը՝ Յանան: Ինչպես և իրական կյանքում, փոքրիկ Յանան և Սարգիսը ֆիլմում ևս հայր ու դուստր են: Փոքրիկի դերասանական խաղի ու նկարահանման հարթակում հոգեբանական բարիերները հաղթահարելու հարցում Յանայի դերասան ծնողները չեն միջամտում: 

Հեռուստանովելի ռեժիսոր Ելենա Արշակյանը BlogNews.am-ի հետ զրույցում նշել է, որ ֆիլմում կան բաց տեսարաններ մի քանի դերասանների մասնակցությամբ, ովքեր ոչ թե իմիտացիա են անում, այլ ամեն ինչը հիմնված է դերասանական խաղի վրա. «Մենք դերասանների հետ ունենք պայմանավորվածություն, որ այս ֆիլմում չպետք է իմիտացիա լինի։ Այստեղ կան անկողնային, համբույրի տեսարաններ։ Ի դեպ՝ դերասաններից մի քանիսն, ովքեր նկարահանվել են անկողնային տեսարաններում, ամուսնացած են: Ես նկարահանման եմ հրավիրել դերասանների, այլ ոչ թե այլ մասնագիտության մարդկանց, իսկ նրանց համոզելու խնդիր չի եղել, քանի որ ես աշխատում եմ պրոֆեսիոնալ դերասանների հետ»:

Բաց տեսարաններում նկարահանված Ալեքսանդր Բաբասյան և Մերի Հակոբյան զույգն, ի դեպ, առաջին անգամ ծանոթացել է նկարահանման հրապարակում: Ելենան նշում է, որ տեսարանը լավ ստանալու համար Մերին և Ալեքսանդրը սկսել են ավելի հաճախ իրար հետ շփվել. «Մերին գնում էր Ալեքսանդր Բաբասյանի սրճարան, ընկերացան իրար հետ, և կարծում եմ՝ տեսարանները ստացվեցին։ Իհարկե, սկզբում բավականին բարդ էին ստացվում նրանց տեսարանները: Սարգիս Գրիգորյանի և Էվա Խաչատրյանի տեսարանների մասին պետք է ասեմ, որ շատ լավ ստացվեցին, որովհետև Էվան իր տեսակով բավականին խարիզմատիկ է և կարողանում է իրենով անել մարդկանց: Նա արագ կողմնորոշվեց և Սարգսի հետ ընկերացավ: Էվան խաղացել է այն տեսարանը, որը պետք է խաղար։ Նա հայաստանյան շուկայի լավագույն դերասանուհիներից մեկն է: Ուզում եմ նաև Էմմա Մանուկյանի մասին խոսել։ Ես երբեք չեմ թաքցնում, որ նա իմ սիրելի դերասանուհիներից է, հիացած եմ նրա պրոֆեսիոնալիզմով և մարդ տեսակով»:

Նյութը՝ Սիրանուշ Գրիգորյանի
Լուսանկարները՝ Կարեն Հովհաննիսյանի

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել