Այս օրերի գերէմոցիոնալ ֆոնին անհանդուրժողականության ու անարդարացի մեղադրանքների զոհ շատերը դարձան։ Բացառություն չէ նաև ռուսաստանահայ բարերար Սամվել Կարապետյանը։ Մի պահ հասարակությունում հայտնվեց մի շերտ, որը սկսեց մեղադրել ու, ի՜նչ ասես, գրել այս մարդու մասին, բայց ինչի՞ համար։

Իրոք, եկե՛ք մի պահ սթափ դատենք ու իր արած-չարածների հաշվեկշիռը փորձենք հասկանալ։ Մարդը ո՛չ որևէ հայտարարությամբ հանդես եկավ՝ ուղղված ընդդեմ շարժման, ո՛չ իր ռեսուրսները կիրառեց, որպեսզի համաժողովրդական շարժմանը խանգարի, ո՛չ էլ ինչ-որ մեկին թթու խոսք ասաց։ Երեկ էլ, երբ ստեղծված իրավիճակի սթափ անալիզ արվեց, Սամվել Կարապետյանի հարազատ եղբայր Կարեն Կարապետյանն առաջինն էր, որ հայտարարեց՝ ճիշտ չի լինի, որ ստեղծված իրավիճակում ՀՀԿ-ն թեկնածու ունենա։ Հիմա այս մարդու մեղքն ինչո՞ւմ է։ Ընդհանրացնելով՝ Սամվել Կարապետյանը ոչ մի բան չի արել ի վնաս այս շարժմանը։

Եկեք մյուս կողմից հարցը նայենք։ Այս հեղափոխությունն արդեն փաստ է, ու վաղը մենք սկսելու ենք նոր իրականություն կառուցել։ Ու շատ կարևոր է, որ էմոցիոնալության ու էյֆորիզմի այս օրերին մենք չսկսենք կամուրջներ վառել։ Որքանո՞վ է արդար այս տեղեկատվական արշավը մի մարդու դեմ, ով Հայաստանում հարյուրավոր միլիոն դոլարների ներդրումներ է արել ու անում, տասնյակ միլիոն դոլարների բարեգործություններ է արել ու անում։ Մի՞թե վաղը, երբ այս էյֆորիայի ալիքը նստի, ու ազգովի լծվենք պետականաշինության գործին, այլևս ակտուալ չի լինելու ներդրումների հարցը, չենք հիշելու արտասահմանում գործունեություն ծավալող մեր մեծահարուստ հայրենակիցներին ու նրանցից ամենաազդեցիկին՝ նույն Սամվել Կարապետյանին։ Բերե՛ք զուտ ֆինանսատնտեսական կողմն էլ մի կողմ դնենք․ վերջիվերջո, ամեն ինչ չէ, որ փողով է չափվում։ Որքանո՞վ է մեկը, ով, անկախ քաղաքական իրավիճակից ու դերակատարներից, տարիներ շարունակ Հայաստանում, Ռուսաստանում ու այլ երկրներում միշտ ձեռք է մեկնել իր հայրենակիցներին, չի մոռացել իր ազգային պատկանելության մասին, արժանի այն գրոհներին ու դառը խոսքերին, որոնք հնչում ենք։

Բերե՛ք սթափվենք ու օր առաջ մտածենք այն լուսավոր վաղվա մասին, որի մասին երազում են բոլորը, ու որում տեղ ու լուրջ դեր է ունենալու նույն Սամվել Կարապետյանը։ Պետք չէ նեղացնել մարդկանց զուտ նախապաշարմունքների ու էմոցիաների պատճառով, առավել ևս, եթե հռչակված է, որ սա սիրո ու հանդուրժողականության հեղափոխություն է։ Մի վանեք այն մարդկանց, ովքեր կարող են մեծապես նպաստել այդ լուսավոր վաղվա կերտմանը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել