Տեսահոլովակի պրեմիերան՝  մայիսի 8-ին։

Գյումրու դրամատիկական թատրոնում շուրջ մեկ տարի ընթանում էին Անահիտ Աղասարյանի պիեսի հիման վրա բեմադրվող՝ «Հարսանիք թիկունքում» ներկայացման բեմադրական աշխատանքները։

Պիեսը գրվել է Գյումրու դրամատիկականի համար։

Ներկայացման բեմադրող ռեժիսորն է Լյուդվիգ Հարությունյանը, նկարչական ձևավորումը՝ Գարեգին Եվանգուկյանի, զգեստների ձևավորումը՝ Լուսինե Խաչատրյանի, իսկ կոմպոզիտորն է ՀՀ վաստակավոր արտիստ Հայկոն։

Գլխավոր դերերում հանդես են գալիս՝

ՀՀ վաստակավոր արտիստ Սուսաննա Բաղդասարյանը,

ՀՀ ժողովրդական արտիստ, պետական մրցանակի դափնեկիր Անահիտ Հարությունյանը,

ՀՀ վաստակավոր արտիստներ Հովհննես Հովհաննիսյանն ու Տիգրան Գաբոյանը։

Ներկայացման հիմքում մի ընտանիքի պատմություն է, ընտանիք, որը խորհրդանշում է ողջ հայ ժողովրդին՝ իր անցյալով, ներկայով և ապագայով։ Ահա, այս ընտանիքի համար ամենաուրախալի օրը՝ զավակի հարսանիքին, հնչում է ապրիլյան Քառօրյա պատերազմի գույժը՝ ընդհատելով կյանքի ընթացքը, նոր ընտանիքի ձևավորումն ու գենի շարունակականությունը։  Հենց այս օրհասական պահերին է, որ խորը թմբիրից արթնանում է արիական ցեղի բնավորությունն ու էությունը, որը ձևավորվել է հազարամյակների ընթացքում և դարձել հայ ժողովրդի գենոկոդը։ Պատերազմը ոչ միայն ճակատում էր, այլ՝ նաև թիկունքում։ 

Հողի հանդեպ ունեցած պաշտամունքը, ազգի հարատևման անհրաժեշտությունը և հայրենիքի հանդեպ ունեցած սերը մի ամբողջ ժողովրդի հավաքում է հայրենիքի շուրջ: Այս գենետիկ պահաջն է, որ ներկայացման հերոսին ստիպում է կատարել մի քայլ, որին ոչ բոլորը կհամարձակվեին։

Քառօրյային չեղան հաղթություններ կամ պարտություններ, բայց այն հաստատեց, որ հայ ժողովրդի հարատևման միակ բանաձևն իր հավաքականության մեջ է։

Օրերս ներկայացման երաժշտության հիման վրա նկարահանվեց տեսահալովակ, որի պրեմիերան կկայանա մայիսի 8-ին։ Մեկ կադրով նկարահանված, 4 րոպե տևողությամբ տեսահոլովակում ռեժիսոր Հրաչ Քեշիշյանը փորձել է խտացնել ներկայացման ամբողջ պատմությունը։

Նշենք, որ «Հարսանիք թիկունքում» ներկայացման պրեմիերաները տեղի կունենան մայիսի 30-ին և 31-ին Գյումրու դրամատիկական թատրոնում։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել