Վերջին տարիներին աշխարհի մի շարք երկրներում, հատկապես՝ ԱՄՆ-ում, մի սովորույթ է ձևավորվել․ մարդիկ այցելում են աֆրիկյան երկրներ և այնտեղից երեխաներ որդեգրում, որպեսզի ծայրահեղ վատ պայմաններում լույս աշխարհ եկած և մեծացող երեխաները ևս հնարավորություն ունենան բարեկեցիկ կյանք ունենալու։

Հենց այդպես էլ որոշել էին անել Ջեսիկա և Ադամ Դևիսները։ Չնայած՝ նրանք արդեն չորս երեխա ունեին, այնուամենայնիվ ցանկանում էին իրենց ընտանիքը համալրել ևս մեկ անդամով։ Կարճ ժամանակում նրանք գտան աֆրիկացի երեխաների որդեգրությամբ զբաղվող ընկերություն և մեկնեցին Ուգանդա՝ հանդիպելու իրենց ապագա դստերը՝ Նամատային։

Ընկերությունից նախօրոք տեղեկացրել էին, որ Նամատայի հայրը վերջերս է մահացել, իսկ մայրը պարբերաբար ծեծում է նրան, չի խնամում, անհրաժեշտ պարագաներ և սնունդ չի ապահովում․․․

Երեխեայի ճակատագրով անհանգստացած Ջեսիկան ու Ադամը շտապում էին հանդիպել նրան իր իսկ տանը, սակայն Ուգանդա ժամանելուն պես պարզվեց, որ նա գտնվում է մանկատանը։ Ամեն ինչ ստացվեց այնպես, ինչպես նախատեսել էին։ Նամատան արդեն ԱՄՆ-ում էր՝ իր նոր ծնողների և քույր-եղբայրների հետ։ Բայց ցավոք, որոշ ժամանակ անց պարզվեց անսպասելին։

Մոտավորապես վեց ամիս անց, երբ Նամատան արդեն այնքան անգլերեն գիտեր, որ կարողանում էր ազատ արտահայտել իր մտքերը, իրեն որդեգրող ծնողներին սկսեց ամեն օր ասել, որ կարոտում է իր մորը, ցանկանում է գնալ նրա մոտ։ Պարզվեց՝ իրականում Նամատայի մայրն ամենևին էլ չի ծեծել նրան, օր ու գիշեր աշխատել է, որպեսզի ինքը երբեք սոված չմնա։ Ապշած Ջեսիկան ու Ադամը որոշեցին զբաղվել այդ հարցով և կապվել նրա կենսաբանական մոր հետ։

Փաստորեն, երեխաների որդեգրմամբ զբաղվող ընկերությունն իրականում զբաղվում էր հանցավոր գործունեությամբ՝ երեխաների վաճառքով։ Նրանք այցելում էին աֆրիկյան աղքատ գյուղեր, ծնողներին առաջարկում, որ պատրաստ են անվճար իրենց երեխաներին տանել ԱՄՆ, տրամադրել ընդհուպ բարձրագույն կրթություն, ապա վերադարձնել տուն՝ որպեսզի ծառայեն իրենց հայրենիքին։

Նրանց ծուղակն էր ընկել նաև Նամատայի մայրը։ Նա կարծում էր՝ իր երեխան կրթություն ստանալուց հետո հետ կվերադառնա։ Իսկ ընկերությունը որդեգրող ծնողներից 15.000 դոլար էր պահանջում՝ զբաղվելու որդեգրման հետ կապված իրավական և այլ հարցերով։ Այսինքն՝ նրանք 15.000 դոլարով որդեգրման անվան տակ երեխաներ էին վաճառում։

Այս ամենն իմանալուց հետո Ջեսիկան ու Ադամն անմիջապես սկսեցին գործել։ Արդյունքում քրեական գործ հարուցվեց, իսկ Նամատան վերադարձավ իր կենսաբանական մոր մոտ, սակայն իրեն կարճ ժամանակով որդեգրած ծնողների և քույր-եղբայրների հետ կապը պահպանվում է։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել