«Ելք» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանը Azatutyun.am-ի հետ զրույցում նշեց, որ  ունենք մի իրավիճակ, որ Սերժ Սարգսյանի հեռանալուց հետո Հանրապետական կուսակցությունը չի հեռանում և որևէ բան տեղից առաջ չի շարժվում: Նա նշեց, որ հիմա պետք է համակարգային պայքար տանել, որ համակարգը փոխվի:

«Մենք վարչապետ ենք առաջադրելու Նիկոլ Փաշինյանին և մեզ պետք է 53 ձայն, որ նա ընտրվի»,- ասաց նա և նշեց, որ կարծում է, թե կա նման հնարավորություն:

Էդմոն Մարուքյանն ասաց, որ «Ելք»-ը և «Ծառուկյան դաշինքը» միասին 40 մանդատ ունեն, և կարծում է, որ 13 մանդատ ՀՀԿ-ից, ՀՅԴ-ից կարող են ստանալ:

Հիշեցնենք, որ այսօր նախատեսված Նիկոլ Փաշինյան-Կարեն Կարապետյան բանակցությունը չէր կայացել։

Վարչապետի պաշտոնակատար Կարեն Կարապետյանն այսօր նշել է, ժողովրդի ընտրյալը հրապարակում չի ընտրվում, ժողովրդի ընտրյալն ընտրվում է ընտրությամբ։

Նիկոլ Փաշինյանն իր հերթին նշում է, որ խորհրդարանը պետք է քվեարկի հրապարակում ժողովրդի հավանությունն ստացած թեկնածուի օգտին։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել