Համաձայն Bloomberg գործակալության լրագրողների ձեռքերում հայտնված փաստաթղթերի՝ Դոնալդ Թրամփն ամեն դեպքում գիշերել է Մոսկվայում 2013 թվականին, երբ Ռուսաստանի մայրաքաղաք էր ժամանել «Միսս Տիեզերք» մրցույթի անցկացման համար։ Եվ սա ամերիկյան նախագահի համար հեչ լավ նորություն չէ, ում ԶԼՄ-ները մեղադրում են այդ ուղևորության ընթացքում անվայել վարքի մեջ։ Ասում են, իբր այդ ուղևորության ժամանակ պարոն Թրամփն օգտվել է մարմնավաճառի ծառայություններից։

Ինքը՝ ԱՄՆ նախագահը, երկու անգամ հերքել է այս տեղեկատվությունը։

Bloomberg-ի ձեռքում են հայտնվել FlightAware ծառայության գրանցումները, որոնց համաձայն՝ Թրամփի ուղևորությունը Մոսկվա սկսվել է Հյուսիսային Կարոլինայից 2013 թվականի նոյեմբերի 7-ին։ Թռիչքների մասին գրանցումները ցույց են տալիս, որ Թրամփը Նյու Յորք է վերադարձել հենց նույն գիշերը։ Սակայն, ըստ ամենայնի, պարոն Թրամփը ինքնաթիռում չի եղել։ Մոսկվա նա ուղևորվել է Bombardier Global 5000 մասնավոր ինքնաթիռով, որը պատկանում է իր բիզնես գործընկեր Ֆիլ Ռաֆինին։

Այս ինքնաթիռը թռել է Էշվիլից Վնուկովո նոյեմբերի 7-ին երեկոյան և վայրէջք է կատարել Մոսկվայում նոյեմբերի 8-ին՝ առավոտյան: Օդանավակայանից մեկ ժամ հեռավորության վրա է գտնվում Ritz Carlton հյուրանոցը, որտեղ և ապագա ԱՄՆ նախագահը կանգ է առել։ Այս մասին այն ժամանակ հաղորդել էր «Միսս Տիեզերք» մրցույթի կազմակերպիչ Արազ Ագալարովը։

Նույն օրը երեկոյան Թրամփը նշվել է Facebook-ում տեղադրված Nobu ռեստորանի լուսանկարում։ Այնտեղ պարոն Թրամփը հրավիրվել էր Արազ Ագալարովի ծննդյան երեկոյին։

Հաջորդ առավոտյան Թրամփն ինքն էր Ritz հյուրանոցից նկար հրապարակել Facebook-ում, իսկ ցերեկը, նախագահի խոսքերով, նա զբոսնել էր Մոսկվայով։ Եվ միայն երեկոյան նա ժամանել է «Միսս Տիեզերք» մրցույթին։ Մոսկվայից Թրամփը մեկնել է նոյեմբերի 10-ի առավոտյան՝ ժամը 3:58-ին։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել