«Նախագահական երկու ժամկետից հետո արդեն վարչապետի պաշտոնում Սերժ Սարգսյանի իշխանավարման դեմ Հայաստանում մեկ շաբաթից ավելի անցկացվող բողոքի ցույցերը լուրջ անհանգստություն են պատճառել իշխանություններին, և հիմա նրանք ընդդիմությանը երկխոսության առաջարկ են անում: Նախօրեին «Ազատություն» ռ/կ-ի հետ զրույցում այդ մասին ակնարկել է ՀՀԿ խոսնակ էդուարդ Շարմազանովը: Երեկ արդեն իշխող կոալիցիայի անդամ ՀՅԴ-ն է հայտարարություն տարածել` նշելով, թե բողոքի ցույցերը «համակարգային փոփոխությունների, որակական, խորքային բարեփոխումների հանրային պահանջի վկայու­թյունն են», ու կոչ արել խորհրդարանական ուժերին նորընտիր նախագահի հովանու ներքո քաղաքական խորհրդակցությունների հարթակ ստեղծել: Այս հայտարարության համատեքստում նախագահ Արմեն Սարգսյանն էլ իր հերթին նշել է. «Իմ խորին համոզմամբ, նման վիճակների միակ լուծումը երկխոսությունն է. ցանկացած ձևաչափով, միմյանց տեսակետների հարգումն ու հանդուր­ժողականությունը:
Որպես պետության ղեկավար` ես հրավիրում եմ կողմերին երկխոսության` ստեղծված վիճակից լավագույն ելք գտնելու համար»,- ասել է Արմեն Սարգսյանը:

Ակնհայտ է` և´ Արմեն Սարգսյանը, և´ ՀՅԴ-ն իրենց հայտարարություններն արել են պետության փաստացի ղեկավար Ս. Սարգս­յանի հետ համաձայնեցված: Վերջին տասը տարիները ցույց են տվել, որ Ս. Սարգսյանն ինչ-որ փոխզիջումների գնացել է ստիպված` փողոցի ճնշման արդյունքում: 2008թ. հետո նա հանրահավաքային պայքարի ճնշման ներքո ազատ արձակեց քաղբանտարկյալներին, նաև ընդդիմության պահանջով ԸՕ-ում համապատասխան դրույթներ ամրագրեց: Բայց հետո, տեսնելով, որ զիջումների արդյունքում թուլացել է հասարակական ճնշումը, կրկին ամրապնդել է իր դիրքերը` փորձելով ընդդիմությանը կազմաքանդել: Կա­րելի է կռահել, որ նույնն է սպասվում նաև հիմա: Միաժամանակ դժվար է պատկերացնել, թե ինչի շուրջ կարող է տեղի ունենալ այդ երկխոսությունը: Հասարակության մեծամասնությունն այսօր չի ցանկանում Սերժ Սարգսյանին տեսնել երկրի ղեկավարի, տվ­յալ դեպքում` վարչապետի պաշտոնում` հենց նրա վարած քաղաքականության արդյունքում»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել