Հայկական առաջին երաժշտական հեռուստաալիքի գեղեցկադեմ ու խարիզմատիկ երիտասարդին հեռուստադիտողը միանգամից ընդունեց ու սիրեց: Նորայր Եղյանին որոշ ժամանակ անց բացահայտեցին նաև որպես դերասանի: Նրան մեծ ճանաչում բերեցին «Դեպի երազանք», «Երևի» և «Ավազե դղյակ» հեռուստասերիալները: BlogNews.am-ը դերասանի հետ անկեղծ ու հետաքրքիր զրույց է ունեցել, որի ընթացքում Նորայրը խոսել է աշխատանքում ունեցած սկզբունքների, հայտնիության, նշանածի հետ հարաբերությունների, հոնորարների ու իր հասցեին ուղղված քննադատությունների մասին:

Ես համակերպվել եմ այն մտքին, որ շատերն ինձ մինչև վերջ էլ հիշելու են որպես «Դար 21»-ի Նորո

Իմ մուտքը հեռուստատեսություն եղել է 5 տարի առաջ: Առաջին քայլերս սկսել եմ հայկական առաջին երաժշտական հեռուստաալիքից՝ «Դար 21»-ից, ու մինչև հիմա էլ շարունակում եմ աշխատել «21 TV»-ում: Փորձում եմ համատեղել դերասանական աշխատանքն ու հաղորդավարությունը, քանի որ դա այն աշխատանք է, որից հրաժարվել ուղղակի չեմ կարող: Ես արդեն համակերպվել եմ այն մտքին, որ շատերն ինձ մինչև վերջ էլ հիշելու են որպես «Դար 21»-ի Նորո:

Եթե զգամ, որ միջակ աշխատանք է լինելու, ես կհրաժարվեմ առաջարկից

Աշխատանքային հրավեր ստանալիս առաջին պլանում ինձ համար այն է, թե ումից եմ այն լսում: Եթե իմանամ, որ մարդ անելու է միջակ աշխատանք, ես վստահ կհրաժարվեմ: Եթե կասկածներ եմ ունենում, անպայման հանդիպում եմ, զրուցում ու պարզում ինձ համար մանրամասները: «Դեպի երազանք» հեռուստասերիալն ինձ համար դեբյուտային էր որպես դերասան: Դրան հաջորդեցին «Երևի» և «Ավազե դղյակ» հեռուստասերիալները: Ընդհանուր առմամբ դերասանական խաղս լավ եմ գնահատում, քանի որ անզեն աչքով էլ պրոգրեսն ակնհայտ է: Սպասելիքներս, դեռ մի բան էլ ավել, արդարացվել են:

29404324_347072995802533_5544014888860385280_n

Կյանքում ավելի հանգիստ, համբերատար ու հասկացող եմ

Ի տարբերություն նախորդ երկու սերիալների՝ «Ավազե դղյակ»-ում կերպարս փոքր-ինչ ռիսկային էր ինձ համար: Սա առաջին դեպքն էր, երբ դրական կերպար չէի մարմնավորում, ու սպասելիքներս մեծ էին այն առումով, որ ինձ էլ էր հետաքրքիր՝ ինչպես կլինեմ ես ոչ ստանդարտ կերպարում: Կարենի կերպարն իրականում սիրում է ազատ կյանքով ապրել, մանկուց ինչ ուզել է, ստացել է, բայց այդքանով հանդերձ այլասերված չէ, գիտի իր չափն ու սահմանը և հարգանքը չի կորցրել մեծերի հանդեպ: Բայց նա այնքան հեռու է իմ իրական «ես»-ից: Ինքս կյանքում ավելի հանգիստ, համբերատար ու հասկացող եմ, արարքներիցս առաջ մի լավ ծանր ու թեթև եմ անում, իսկ Կարենն այդպիսին չէ, նա պահի թելադրանքով է առաջնորդվում: Ես չեմ կարող խաղալ այնպես, ինչպես իրական կյանքում եմ, ու աշխատանքիս իմաստն էլ հենց դա է, որ մարդիկ ուրիշ մեկին տեսնեն:

Չեմ ուզում խաղալ պուպուշ տղայի դեր, ով միշտ ժպտում է

Իմ առաջին քննադատը ռեժիսորն է, իրենից հետո արդեն ամեն ինչ արդարացված է: Եթե ունեցել եմ համբույրի տեսարան, ուրեմն՝ ռեժիսորն այդպես է ուզել, որ լինի, այլ ոչ թե տպավորություն ենք ստեղծել, իբրև թե համբույրի տեսարան է: Ես կարևորում եմ նրա կարծիքը: Չեմ ուզում խաղալ պուպուշ տղայի դեր, որը միշտ ժպտում է ու շուտ վիրավորվում: Թող լինի համարձակ, թող մարդիկ խոսեն: Դերասանի խնդիրն է անել այն, ինչը փակ աչքերով կամ մտքում պատկերացրել է ռեժիսորը: «Ավազե դղյակը» բացառիկ է նաև այն առումով, որ ստեղծագործական թիմի ու տեխնիկական անձնակազմի հետ մտերիմ չէի: Մինչ այդ բոլոր նախագծերում, որ աշխատել եմ, մեծ մասն իմ ընկերներն են եղել: Իրականում այդ փաստն ինձ չի խանագարել, քանի որ տեսակով հարմարվող մարդ եմ:

29088648_444204252680188_1479544224050315264_nԻնձ համարում եմ թանկ վարձատրվող դերասան

Կա տարիների արված աշխատանք ու կա վերաբերմունք այդ աշխատանքի հանդեպ․ դա է պատճառը, որ ինձ համարում եմ թանկ վարձատրվող դերասան: Ես ունեմ իմ աշխատանքային պայմանները, ունեմ իմ թիմը, որը միշտ ինձ հետ է: Եթե որևէ դերասան կարող է բացել իր զգեստապահարանն ու վերցնել հագուստ, ձեռքի տակ ունեցած միջոցներով հարդարվել ու գնալ նկարահանման, ես ինձ նման բան թույլ տալ չեմ կարողանում: Ունեմ ոճաբան և վարսահարդար, որոնք մշտապես զբաղվում են իմ իմիջով: Նույնիսկ եթե պետք է փնթի վիճակում լինել, ուրեմն՝ դա էլ պետք է անել գրագետ: Տեղում ոչնչի չեմ համաձայնվում, ու դա պարտադիր է յուրաքանչյուր նկարահանումից առաջ, կապ չունի՝ մեծ տեսարան է, թե փոքր էպիզոդ:

Թատրոնն ինձ համար ինքնարտահայտման նոր հարթակ է

Ուսանողական տարիներին աշխատել եմ թատրոնում՝ Արա  Երնջակյանի մոտ: Խաղացել եմ եղել նաև «Սիրո կամուրջ» մյուզիքլում: Հեռուստատեսություն մտնելուց հետո, սակայն, հասկացա, որ այն այնքան էներգիա է խլում ինձանից, որ թատրոնին ժամանակ գրեթե չի մնում: Սակայն, այդուհանդերձ, չկարողացա հեռանալ բեմից: Հիմա իմ վարպետի՝ Լալա Մնացականյանի «Մայրը» ներկայացման մեջ եմ ընդգրկված: Զբաղված լինել մի ներկայացման մեջ, որն առաջին կուրսում երազանք էր, ու խաղալ հենց նրա հետ, իսկապես մեծ պատիվ է ու երջանկություն: Այլ թատրոններից կան հրավերներ, որոնցից հրաժարվում եմ, քանի որ դրանք կրում են սիրողական բնույթ:

26067970_186565398749294_8795903592675409920_nԱռաջինը սիրահարվեցի Սիլվայի պարին, հետո նոր՝ իրեն

Ծանոթացել ենք թատերական ինստիտուտում սովորելու տարիներին: Եղել են առիթներ, որ միասին դասեր ենք ունեցել, բայց ինստիտուտի ներսում չէի ֆիքսել նրան: Սիլվիին տեսա ու սիրահարվեցի ինստիտուտից դուրս, համերգային ծրագրի ժամանակ: Առաջինը սիրահարվեցի նրա պարն, հետո նոր՝ իրեն:

Աղջկա մեջ առաջին հերթին կարևորում եմ ինքն իրեն արժևորելու կարողությունը

Աղջկա մեջ առաջին հերթին գնահատում եմ ինքն իրեն արժևորելու ու գնահատելու կարողությունը, բայց որը չի նմանվում չափից դուրս բարձր ինքնագնահատականի, չի հասնում մեծամտության ու գոռոզության:

Մենք այն քիչ զույգերից ենք, որ չգիտենք՝ կռվելն ինչ է

Մեր հարաբերություններում ներդաշնակությունը պահվում է երկուստեք: Իրականում մեր երկուսի մասնագիտություններն էլ ռիսկային են հարաբերություններ սկսելու համար, ու հենց դա հաշվի առնելով էլ չենք ֆիքսվում մանրուքների վրա: Գեղեցիկ աղջիկների շրջապատում լինելը խանդի տեսարանների ու սկանդալների առիթ չի տալիս: Մեզանից յուրաքանչյուրն ունի իր մասնագիտությունը, ու մենք հարգում ենք մեր ընտրությունը: Այն, ինչ կատարվում է գործնականում, չի կարող անդրադառնալ անձնականի վրա և հակառակը: Այն համբույրի տեսարանը, որը եղել է ֆիլմում, իհարկե տեսել է Սիլվին ու շատ հանգիստ արձագանքել: Փորձում ենք ամեն ինչին հանգիստ մոտենալ: Մենք այն քիչ զույգերից ենք, որ չգիտենք՝ կռվելն ինչ է:

26156396_606921749639461_8447451122129436672_n

Երբեք չեմ պատասխանում բացասական մեկնաբանություններին, որոնք հնչում են իմ հասցեին

Եթե քննադատությունն առողջ է, ապա կլսեմ, կկարդամ, կփորձեմ հասկանալ՝ ինչի համար, բայց եթե անհիմն է, դա ինձ վիրավորում է: Չեմ պատասխանի երբեք բացասական հաղորդագրության, որը վիրավորում է աշխատանքս ու իմ կերպարը: Վերջերս նման բան գրանցվել է: Մարդիկ 100.000-ից ավելի դիտում ունեցող կարճ հոլովակի տակ գրել են կոնկրետ հայհոյանքներ, որն ինձ համար նորմալ չէ: Սկզբում շոկային վիճակում էի, հետո հասկացա, որ դա իմ անձին չի վերաբերում: Այդ արտահայտությունները կապված են ներկա պահին երկրում տիրող իրավիճակի հետ: Կա լարվածություն, ու մարդիկ տարբեր միջոցներով փորձում են դա դուրս հանել իրենց միջից: Այս տեսակ մարդկանց խորհուրդս մեկն է․ հաշվի առեք, որ ցանկացած հանրային դեմք կարդում է իր հասցեին գրված  հաղորդագրությունն, ու ոչ բոլորին է հաճելի կարդալ նման բաներ: Նորմալ չէ բացեիբաց վիրավորել մարդուն: Վստահ եմ, որ այդ մարդը, եթե կանգնի իմ առջև, չի կարողանա ասել նույն տեքստը: Իմ արած աշխատանքն ու ստեղծած կերպարը երբևէ կապ չեն ունեցել իմ իրական «ես»-ի հետ, ու կերպարային գծերը կխնդրեի չվերագրել ինձ:

Հայտնիությունն ինձանից խլել է անձնական կյանք ունենալու իմ իրավունքը

Իրականում հայտնիությունն այնքան էլ հաճելի բան չէ, որքան թվում է: Կան մարդիկ, ովքեր գալիս են Թատերական ինստիտուտ, որպեսզի հայտնի դառնան: Ես չեմ ձգտել դրան, միշտ փորձել եմ ավելի զուսպ ու համեստ լինել: Չեմ կարող գլուխ գովել, որ, գիտեք ինչ, ինձ մարդիկ ճանաչում են, կամ, որ ես տնից դուրս եմ գալիս, պիտի պարտադիր մեքենայով լինեմ և այլն: Ես սովորական մարդ եմ, ուղղակի ընտրել եմ աշխատանքի այս տարբերակը, որը բերել է ինձ ճանաչում, և որոշ չափով էլ սիրվել եմ: Անկեղծ՝ շնորհակալ եմ շատ: Բայց փոխարենն այն խնձանից գողացել է իմ անձնական կյանքի գաղտնիությունը: Դու հանրային մարդ ես, քեզ անդադար քննադատում են, ու դու երբեմն չես կարող փախչել դրանից: Հանրային դեմք լինելով հանդերձ՝ ստիպված ինչ-որ բաներ ես անում: Պահի տակ լինում են ցանկություններ, որ ուզում ես գնալ այսինչ տեղն ու այսինչ բանը անել, բայց գիտես ինչ, տղա ջան, դու չես կարող մասնակցել, որովհետև կդառնաս հանրային լայն քննարկման թեմա, որը քեզ պետք չէ ու լավ բանի չի տանելու:

19122345_322371354860577_4368814031679520768_n29717768_561327647577096_6951835388155527168_n
27574284_113151499464018_6111032459778850816_n
Նյութը՝ Էմմա Վարդանյանի
Լուսանկարները՝ Նորայրի ինստագրամյան էջից
 

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել