Armtimes.com-ը գրում է.

Քիչ առաջ ավարտվեց ԻմՔայլը շարժման երթը դեպի Բաղրամյան պողոտա, երթի ընթացքում ոստիկանները Բաղրամյան 26-ից սկսած, ոստիկանական զորքերի մի քանի խմբերով պատնեշ էին կազմել Բաղրամյան պողոտայի՝ նորընտիր վարչապետի նստավայրից մինչեւ Բաղրամյան տանող մյուս հատված:

Կային քաղաքացիներ, ովքեր բնակվում էին Պողոտայի այդ մյուս հատվածում ու պետք է տուն հասնեին, նրանք փոխոստիկանապետերի հետ եկան համաձայնության, որ երբ երթի մասնակիցները հեռանան Բաղրամյան 26-ից, ոստիկանները ճանապարհ բացեն նրանց առաջ՝ տուն հասնելու համար:

ՀԺ-ի լրագրողը, որը երթը լուսաբանելիս է եղել, պարզելու համար, թե ինչ կա տեղակայված ոստիկանական արգելապատնեշի հետնամասում, որոշել է քաղաքացիների հետ ինքը եւս անցնել այն կողմ:

Մեր թղթակիցը, հակառակ կողմ անցնելով ու այնտեղ նկատելով տեղակայված զրահատեխնիկան, լուսանկարել է դրանք:

Դա տեսնելով, Վլադիմիր Գասպարյանի տեղակալ Հունան Պողոսյանը հետաքրքրվել է մեր թղթակցի ինքնությամբ, երբ մեր լրագրողը նշել է, որ լրագրող է եւ փորձել է ցույց տալ վկայականը, Հունան Պողոսյանը իր ենթականերից մեկին հրամայել է թույլ չտալ լուսանկարել տեղակայված զրահատեխնիկան (լուսանկարում պատկերվածը):

Երբ մեր լրագրողը բարձրաձայնել է, որ խոչընդոտվում է նրա մասնագիտական գործունեությանը, Հունան Պողոսյանն ագրեսիվ տոնով իր ենթակային հարմայել է հեռախոսը մեր թղթակցի մոտից վերցնել: 

Այս հրամանից հետո, երբ մեր թղթակիցը վազքով հեռացել է, Պողոսյանը հրամայել է բռնել լրագրողին: Ոստիկաններից մեկը, ով սկսել է հետապնդել մեր թղթակցին, չի կարողացել հասնել նրա ետեւից:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել