«Ապրիլի 17-ից Հայաստանի քաղաքական իրավիճակն ու զարգացումները մտան նոր փուլ, ընդ որում՝ թե՛ իշխանական միջանցքներում կամ այսպես ասած՝ կառավարման համակարգում, թե՛ փողոցում, որտեղ արդեն մի քանի օր ծավալվում է Նիկոլ Փաշինյանի սկսած շարժումը քաղաքացիական անհնազանդության տեսքով: Խորհրդարանում վարչապետ ընտրվեց Սերժ Սարգսյանը, Նիկոլ Փաշինյանը չկարողացավ խափանել նրա թեկնածության քվեարկությունը, ինչը նպատակադրել էր՝ սկսելով «Իմ քայլը» նախաձեռնությունը: Նույն օրը երեկոյան Փաշինյանը հայտարարեց հեղափոխական կոմիտեներ ստեղծելու մասին, նաև անհնազանդությունը շարունակելու, սակայն արդեն ոչ շուրջօրյա գիշերային հանրահավաքներով, այլ այսպես ասած՝ առավոտ-երեկո ռեժիմով:

Ըստ էության, նյարդերի պատերազմի փուլը, կարծես թե, մտնում է դիրքային պայքարի փուլ: Մի դրական բան դրանում կարող է նշմարվել՝ այն, որ կարծես թե իրավիճակը գոնե այս հանգրվանում անցնում է այն կրիտիկական եզրագիծ, երբ չափազանց մեծ էր բախումների հավանականությունը:
Այդուհանդերձ, քանի որ շարունակվելու են անհնազանդության ակցիաները, դրանք պահպանվում են, և կարող ենք խոսել, այսպես ասած, կրիտիկական լարման որոշակի լիցքաթափման մասին: Միևնույն ժամանակ, ինչ քայլեր է պետք սպասել իշխանությունից: Իշխանությունը կբավարարվի՞, այսպես ասած, ուժի կիրառումից զերծ չմնալով, թե՞ կլինեն այլ քայլեր, որոնց միջոցով փորձ կարվի ազդել հանրային տրամադրությունների վրա, հարթել որոշակի սուր անկյուններ, լիցքաթափել իրավիճակը արդեն առավել խորքային շերտերում և զգացումներում:

Նախօրեին խորհրդարանում Սերժ Սարգսյանը փողոցում առկա իրավիճակը գերադասեց նկատել միայն «Ելք» դաշինքի խորհրդարանում մնացած մասին ուղղված հորդորով՝ իրենց գործընկեր Փաշինյանին փողոցից խորհրդարան բերելու մասին: Կասկածից վեր է, որ այդ տարբերակը գործնականում բացառվում է, գոնե մոտ ապագայում, Փաշինյանն իր գործունեությունը տեսնում է միայն փողոցում: Իսկ իշխանությունը տեսնո՞ւմ է որևէ այլ տարբերակ: Դատելով Սերժ Սարգսյանի խորհրդարանական պահվածքից՝ իշխանությունն այլ տարբերակ չի տեսնում և համարում է, որ ուժ չկիրառելով արդեն իսկ, այսպես ասած, գնում է մեծ փոխզիջման:

Կկարողանա՞ Նիկոլ Փաշինյանը հեղափոխական կոմիտեներով ստիպել իշխանությանը գնալ նոր փոխզիջման, թե՞ դա առավելագույն խնդիր է, իսկ նվազագույնն այս փուլում թափը պահելու և ժամանակի մեջ ձգելու մեխանիզմ գտնելն է, մինչև ավելի հաստատուն շարունակություն գտնելը, քանի որ իշխանության բախման չգնալու մարտավարությունը և դրան էլ հավելյալ բռնությունը բացառելու Փաշինյանի մարտավարությունը ստեղծում են իրավիճակ, երբ երևի թե անհնար է անհնազանդության կրկնվող շղթայով պահել թափը, եթե չասենք հակառակ էֆեկտի վտանգը»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել