Armenpress.am-ը գրում է.

ՀՀ ոստիկանությունը լիազորություն ունի «Ոստիկանության մասին» ՀՀ օրենքով նախատեսված հատուկ միջոցների կիրառմամբ ցրել հավաքը: Այդ պարտականությունը կարող է կատարվել ցանկացած անհրաժեշտ պահի: Այս մասին հայտարարությունն «Արմենպրես»-ին տրամադրեցին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից:

Ոստիկանության հայտարարության մեջ մասնավորապես ասվում է.

«Ինչպես արդեն ավելի վաղ հայտարարվել է, ՀՀ ոստիկանությունը «Հավաքների ազատության մասին» ՀՀ օրենքի 33-րդ հոդվածով սահմանված կարգով 16.04.2018թ. որոշում է կայացրել ՀՀ ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանի կազմակերպած հավաքը դադարեցնելու մասին:

Օրենքի պահանջով այսօր առավոտյան ոստիկանության աշխատակիցների կողմից Նիկոլ Փաշինյանը տեղեկացվել է հիշյալ որոշման մասին: 

Հավաքի կազմակերպիչը անտեսել է նշված որոշման պահանջները, չի կատարել օրենքով հավաքի կազմակերպչի իր պարտականությունները, այլ կրկին կոչ է արել շարունակել հավաքը, իրականացնել այլոց իրավունքների ու ազատությունների իրացմանը խոչընդոտող, հասարակական կարգը խախտող գործողություններ:

«Հավաքների ազատության մասին» ՀՀ օրենքի 33-րդ հոդվածի 3-րդ մասը նման իրավիճակում ոստիկանությանը լիզորում է «Ոստիկանության մասին» ՀՀ օրենքով նախատեսված հատուկ միջոցների կիրառմամբ ցրել հավաքը: 

ՀՀ ոստիկանությունը պատրաստ է իրականացնելու իր պարտականությունը, որը կարող է կատարվել ցանկացած անհրաժեշտ պահի, որով պայմանավորված՝ կոչ ենք անում հավաքի մասնակիցներին զերծ մնալ անօրինական գործողություններից՝ անցանկալի հետևանքներից խուսափելու համար: 

Նկատի ունենալով նման գործողությունների հետևանքները՝ հավաքի վայրում գտնվող լրագրողներին կոչ է արվում ողջամիտ հեռավորություն պահպանել հավաքի մասնակիցներից»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել