Ապրիլի 14-ին Yans ակումբում կայացավ Հայկոյի առաջին ակումբային համերգը. նա ներկայանում էր իր մենահամերգային ծրագրով: Հրավիրածների շարքում Քրիստինե Պեպելյանն էր, Հրաչ Քեշիշյանը՝ կնոջ հետ, Ալեքսանդր և Լիլիթ Բաբասյանները, Հրաչուհի Ութմազյանը: Հայտնի և սիրված երգեր, ջերմ հանդիսատես, ինչպես նաև անակնկալներ. BlogNews.am-ը ներկա է եղել համերգին և ներկայացնում է հետաքրքիր դրվագները:

«Իմ մենահամերգի ժամանակ ես ավելի լարված էի, այն մտերմիկ միջավայրը չէի կարողանում ստանալ և երբ համերգից դուրս էի եկել, չէի կարողանում հասկանալ՝ ինչպես էր անցել: Ես ուրախ եմ, որ կան մարդիկ, ովքեր առաջին անգամ են այս ծրագիրը դիտելու: Այսօրը ինձ համար գրվելու է իմ երգարվեստի պատմության գրքում, դուք բոլորդ այնտեղ լինելու եք: Իմ երաժիշտ ընկերները ինձ միշտ ասում են՝ քո համերգներին մի տեսակ ուրիշ մարդիկ են գալիս»,- այսպես ողջունեց երգիչը հյուրերին:

Փետրվարին Հայկոն ներկայացրեց իր նոր՝ «Սիրում եմ» տեսահոլովակը․ ռեժիսորը Ավիկ Սանիչն է, իսկ խոսքերը գրել է Ավետ Բարսեղյանը: Մենահամերգի ժամանակ երգը չհնչեց, բայց ակումբում ներկա հյուրերը հնարավորություն ունեցան վայելելու:    

Մենահամերգին ներկա էր Քրիստինե Պեպելյանը։ Ինչպես Հայկոն նշեց, նա միակ արտիստն է, ում հետ երեք դուետ ունի: Զույգը կատարեց «Ուշացած խոսքեր» հայտնի երգը, որը ձայնագրել էին 2003 թվականին. «Ես՝ որպես հանդիսատես, պարզապես վայելեցի համերգը: «Ուշացած խոսքեր» երգը մեզ համար շատ թանկ է, այն կարծես մեզանից մեծ լինի»:

Հայկոյի և Ռազմիկ Ամյանի «Ես կամ նա» երգը երգիչը կատարեց Նիկ Էգիբյանի հետ: Երեկոյի անակնկալներից մեկն էլ նրա և Անահիտ Սիմոնյանի դուետն էր։ Չնայած կատարում էին Հայկոյի և Հռիփսիմե Հակոբյանի «Քո սերը մի ուրիշ աշխարհ է» երգը, բայց առաջին անգամ էին միասին բեմում. «Ձեր օգնությամբ պետք է այնպես լինի, որ մենք այլևս տանը չվիճենք, քանի որ այսօր իմ շատ սիրած երգը երգելու եմ իմ սիրելի Անահիտ Սիմոնյանի հետ»:

Ինչպես Հայկոն նշեց, իր «Ես քեզ սիրահարվել եմ» երգը թե՛ Հայաստանում և թե՛ արտերկրում դարձել է սեր խոստովանելու միջոց: Նա էլ շատերին հորդորեց երեկոյի ընթացքում սեր խոստովանել միմյանց:

Երգիչը խոստովանեց, որ իր կյանքում շատ կարևոր տեղ է զբաղեցրել 1999 թվականին թողարկած «Ռոմանս» ձայներիզը: «Ես միշտ ասում եմ՝ ես այնքան հին եմ, որ երկու ձայներիզ եմ ունեցել։ Հիմա երիտասարդ սերնդին եթե ասես ձայներիզ, երևի չեն իմանա՝ ինչի մասին ես խոսում: Բայց դա մեր Երևանի կյանքում իրադարձություն էր, որը ինձ և իմ ընկերների հետ էր կապված, քանի որ շատ մարդիկ են աշխատել այդ ձայնասկավառակի վրա: Այն իմ այցեքարտն է եղել հայկական երաժշտական աշխարհում»:

Նյութը՝ Սիրանուշ Գրիգորյանի
Լուսանկարները՝ Շաքե Արմենիի

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել