Հայաստանի Հանրապետության նախագահի նստավայրում այսօր հյուրընկալվել է Հայաստանի ազգային հերոս, աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրի որդին՝ Նիկոլա Ազնավուրը, տիկնոջ՝ Քրիստինա Սարկիսյանի հետ: Այս մասին հայտնում են ՀՀ նախագահի աշխատակազմից:

Նա նախագահ Արմեն Սարգսյանին է փոխանցել Շարլ Ազնավուրի շնորհավորական ուղերձը, որում ասված է.

«Իմ անկեղծ շնորհավորանքը և ջերմ մաղթանքն եմ հղում Ձեզ՝ Հայաստանի Հանրապետության չորրորդ նախագահի պաշտոնում ընտրվելու առիթով:
Վստահ եմ, որ Ձեր մեծ փորձառությունը և մարդասիրական արժեքները հնարավորություն կտան մեծ ներդրում ունենալ Հայաստանի հետագա զարգացման գործում,  ինչպես նաև լավագույնս ծառայել՝ ի շահ մեր ժողովրդի Հայաստանում և ամբողջ աշխարհում:

Մաղթում եմ Ձեզ ամենայն հաջողություն՝ մեր Հայրենիքը խաղաղության և բարօրության ճանապարհով առաջնորդելու ձեր վճռական առաքելության մեջ»:

Շնորհակալությամբ ընդունելով ուղերձը, նախագահ Սարգսյանն անգնահատելի է համարել Շարլ Ազնավուրի  ծառայություններն իր արվեստով ու գործունեությամբ Հայաստանն աշխարհին ներկայացնելու ու ճանաչելի դարձնելու ուղղությամբ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել