Այսօր Արմեն Սարգսյանի ինաուգուրացիային ներկա մշակութային գործիչների թվում էր նաև Հովհաննես Թումանյանի անվան տիկնիկային թատրոնի գեղարվեստական ղեկավար Ռուբեն Բաբայանը: «ՀԺ»-ի հետ զրույցում Բաբայանն ասաց, որ առաջին անգամ էր ներկա գտնվում նման իրադարձության եւ առանձնացրեց իր համար հաճելի մի փաստ, որ նախագահի կողմից երդմնակալությունը շատ կարճ էր ու բովանդակալից, դուր եկավ, եւ այն, որ Արմեն Սարգսյանը իր խոսքում նշեց նախորդ երեք նախագահների անունները, ըստ Ռուբեն Բաբայանի՝ որոշակի մշակույթ է, որը պետք է զարգացնել:

«Կարծում եմ՝ իր անձնական օրինակը որոշակի ձևով կարող է փոխարինել այլ լծակների սակավությանը, որը կա իրականում: Բոլոր դեպքերում յուրաքանչյուր ղեկավարի օրինակը, կեցվածքը, բարեկրթությունը, զարգացվածությունն ու ինտելեկտը մեծ նշանակություն ունի»,-ասաց նա:

Մեր դիտարկմանը, որ տեսախցիկները ֆիքսել էին՝ Արմեն Սարգսյանի ելույթի ընթացքում ռեժիսորը քնած էր՝ Ռուբեն Բաբայանը նշեց, որ սովորություն ունի մի 10 վայրկյանով քուն մտնելու, անգամ ամենահետաքրքիր ներկայացումը դիտելու ժամանակ՝ դա իրենից անկախ է լինում. «Ես միշտ վազվզոցի մեջ եմ, սովոր չեմ երկար նստել, երբ նման իրավիճակում եմ հայտնվում, մի պահ աչքս կպցնում եմ, հետո առույգ ձևով կարողանում եմ հետևել մնացածին»,-ասաց նա եւ հավելեց, որ դա ոչ մի կապ չի ունեցել արարողության հետաքրքիր կամ ձանձրալի լինելու հետ:

Մեր հարցին՝ ինչ ակնկալիքներ ունի Արմեն Սարգսյանի նախագահությունից եւ կլինի՞ արդյոք որևէ դրական փոփոխություն, Ռուբեն Բաբայանն ասաց, որ նախ ցանկանում է ինքն ինչ-որ բան փոխել իր շրջապատում, իսկ ընդհանուր առմամբ լավատեսորեն է տրամադրված: Ընդգծեց, նաև, որ պետք է փորձենք ինքներս ինչ-որ բան փոխել: «Ես քաղաքական գործիչ չեմ, ուստի շատ ավելի մեծ փոփոխություններ կապում եմ ներքին՝ հասարակության փոփոխության հետ, քան թե երկրի գլուխ կանգնած ինչ-որ մեկի»,-ասաց նա:

Անդրադառնալով Սերժ Սարգսյանի նախագահած տարիների դրական եւ բացասական կողմերին, նշեց, որ այս տասը տարիների ընթացքում դրական էր այն, որ Սերժ Սարգսյանի «շնորհիվ» հասարակությունը դարձավ ավելի ադեկվատ: Ինչ վերաբերում է կոռուպցիային կամ դատական համակարգի անկախությանը՝ ընդգծեց, որ չի կարծում, թե այդտեղ առաջընթաց կա: 

Վերջին երկու տարիների նոր կառավարության գործունեության մասին խոսելով, Բաբայանն ասաց, որ նշվող 7 տոկոսանոց աճը ոչ իր թատրոնի վրա է զգում, ոչ էլ իր ընտանիքի: «Աղքատության մակարդակը, թոշակառուների վիճակը ողբալի է, իսկ կայացած երկիրը միայն նրանով են որոշում, թե տվյալ երկրում ինչպես են վերաբերվում երեխաներին եւ մեծահասակներին»,-ասաց Ռուբեն Բաբայանը:

Խոսելով Սերժ Սարգսյանի եւ Արմեն Սարգսյանի տարբերությունների մասին՝ առանձնացրեց իր կարծիքով մի կարևոր փաստ. «Կարծում եմ՝ Արմեն Սարգսյանի վարվելաձևի մեջ մեծ նշանակություն ունի իր շրջապատը, իսկ Սերժ Սարգսյանի շրջապատն իրեն պահում է սովետական մտածողության եւ վարվեցողության սկզբունքներից ելնելով, «շեֆ ջան, ցավդ տանեմ, դու ոնց ասես՝ էդ ձևով կանենք»-ով, ինչը շատ հարցերում խանգարում է»,-ասաց ռեժիսորը:

Վերջինս ընդգեծեց, որ Արմեն Սարգսյանի մոտ բարեբախտաբար դա չի նկատվում կամ դե՛ռ չի նկատվում: Ռուբեն Բաբայանի բնորոշմամբ՝ Հայաստանում առաջին հերթին պետք է վերացնել «շեֆի» հանդեպ այդ սխալ մոտեցումը, որ երիտասարդներին չխանգարի զարգանալու, քանի որ երբ իրենք տեսնում են, որ բացի մասնագիտական որակ ապահովելուց օղակների ղեկավարներ եւ պատգամավորներ են դառնում նրանք, ովքեր ինքնուրույն կարծիք չունեն եւ առաջնորդվում են «շեֆի» կարծիքով, պնակալեզությամբ ու քծնող վարքով, դա հանգեցնում է ծայրահեղ վատ հետևանքների: Ըստ Բաբայանի՝ Հայաստանում առաջին հերթին ինքնուրույն մտածող անհատների կարիք կա:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել