Armtimes.com-ը գրում է.

Անհրաժեշտության դեպքում Իրանը կարող է 4 օրում Ֆորդոյի օբյեկտում վերսկսել ուրանի հարստացման աշխատանքները՝ այն հասցնելով մինչեւ 20 տոկոսի: Այս մասին հայտարարել է Իրանի ատոմային էներգիայի կազմակերպության ղեկավար Ալի Աքբար Սալեհին:

Իրանի Ռադիո-հեռուստատեսության լրատվական ծառայությանը տված հարցազրույցում Սալեհին նշել է. «Եթե տապալվի Համատեղ գործողությունների համապարփակ ծրագիրը, Իրանի Իսլամական Հանրապետությունն իր ավագ պաշտոնատարների ընդունած որոշման համաձայն՝ վերսկսելու է ուրանի հարստացման աշխատանքները»:

Իրանի իսլամական հեղափոխության թշնամիներից, հատկապես ԱՄՆ-ին չվստահելու կապակցությամբ Իրանի ատոմային էներգիայի կազմակերպության ղեկավարն ասել է, որ համատեղ գործողությունների համապարփակ ծրագիրը վկայում է ամերիկացիների անվստահելի լինելու փաստի մասին: ԱՄՆ-ն կուլիսների հետեւում բացասական քայլեր է կատարում Իրանի դեմ եւ մյուս երկրներին վախեցնում է այս երկրի հետ համագործակցությունից, ինչը ցույց է տալիս, որ ԱՄՆ-ն վստահելի չէ:

Նշելով, որ դժվար է կանխատեսել հակաիրանական շրջափակումների սառեցումը երկարաձգելու կամ ՀԳՀԾ-ից դուրս գալու Դոնալդ Թրամփի հավանական քայլը, Սալեհին ասել է. «Ցանկացած քայլի համար, Իրանի Իսլամական Հանրապետությունը համարժեք քայլեր է նախատեսել»:

Դոնալդ Թրամփը զգուշացրել է, որ եթե ՀԳՀԾ-ն չփոխվի, ապա ԱՄՆ-ը դուրս կգա այդ պայմանագրից։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել