Այ, քանի դեռ պետական մակարդակով զբոսաշրջությամբ զբաղվողները նման ոչ ադեկվատ պատասխաններ են տալիս, երբ հնչում է առարկայական ու օբյեկտիվ քննադատություն, տուրիզմը մեզ մոտ զարգանալու է շատ դանդաղ։ Թե բա՝ Լապշինը սիրողական մակարդակով է պատասխանում։

Օքեյ, Լապշինը սիրողական մակարդակով է պատասխանում ու աչքիս լույսն էլ չէ, բայց տիկին Զեյթունցյանը պրոֆեսիոնալ դեմագոգիայով է զբաղվում, ու զարմանալի չէ, որ իրարամերժությունն ու տրամաբանական խոտաններն անբաժան են նրա խոսքում։

Օրինակ՝ 3 անգամ խոսեց Վրաստանի ու վրացական զբոսաշրջության ցուցանիշների մասին, բայց նաև հայտարարեց, թե ինչո՞ւ ենք Վրաստանի հետ համեմատվում գնային մասով։ Բա ո՞ւմ հետ պետք է համեմատենք՝ Իբիցայի՞, Հավայան կղզիների՞, թե՞ Չիլիի։ Եթե հանենք Վրաստանում ծովի ու այցելուների գործոնները, ապա, միևնույն է, Վրաստան ավելի շատ զբոսաշրջիկ է այցելում, ու միևնույն է, Վրաստանում ավելի ադեկվատ գնային քաղաքականություն կա և ավելի զարգացած ենթակառուցվածք՝ հենց զբոսաշրջության աճ զարգացնելուն ուղղված։

Տիկին Զեյթունցյանը կա՛մ այդպես էլ չի հասկացել, որ կոնկրետ թվերի մեջ չէ խնդիրը, կա՛մ, լավ հասկանալով, պարզապես կառչում է թվերից, որ արդարացի քննադատությունը ցրի։ Թե բա՝ նայել եմ՝ Իբիսում 27000-ով համար կա, ուրեմն՝ Լապշինը սիրողական է գրել։ Լավ ա՝ էդ մի հյուրանոցն էլ կար, թե չէ ստիպված պետք է մեջբերեր այն բազմաթիվ հոթելներն ու մոթելները, որոնցում համարը 5-15000 դրամի սահմաններում է ու որոնք օգտագործվում են միանգամայն այլ տեսակի ռեկրացիոն գործունեության համար։ Էլի գոհ եմ, որ «Ծղոտների» օրինակով չի չախել Լապշինին։ Երևանում ու նամանավանդ Կենտրոնում հյուրանոցների գները մրցակցում են ու երբեմն նույնիսկ ավելի թանկ են, քան եվրոպական առաջատար երկրներում, և այս հարցում Լապշինը միանգամայն իրավացի է։

Ինչ վերաբերում է ավիատոմսերին, ապա սա նաև հետևանքն է նրա, որ մենք չունենք ազգային ավիափոխադրող, իսկ բյուջետային ընկերությունների հետ բանակցությունների մասին փափուկ բարձից արդեն հոգնել ենք․ սենց կարող եք մինչև Քրիստոսի երկրորդ գալուստը բանակցել, ժամանակն է արդյունքներ ցույց տալու, ոչ թե լեզու՝ քննադատողներին։

Ամփոփելով ուզում եմ անդրադառնալ տիկին Զեյթունցյանի արված մի արտահայտությանը, որն ինձ այնքան զայրացրեց, որ ստիպեց այս տրակտատը գրել։ Թե բա՝ եթե Լապշինի մայրը չի հայտնվել Հայաստան այցելող զբոսաշրջիկների 18,5 տոկոսով աճած թվի մեջ, ապա դա Լապշինի խնդիրն է։ Ո՛չ, տիկին Զեյթունցյան, դա բոլորիս խնդիրն է ու հատկապես՝ Ձերը, որովհետև աճը միշտ լավ է, բայց ոչ մի տեղ ֆիքսված չէ, որ 18,5 տոկոսն այն վերջնական ցուցանիշն է, որը հնարավոր է մեր երկրի համար։ Ավելին ասեմ՝ ես կասկածներ ունեմ, որ եթե ոլորտով զբաղվող պաշտոնյաներն ավելի շատ ուշադրություն դարձնեին հնչող հարցերին կոնկրետ լուծումներ տալուն, այլ ոչ թե քննադատություններին «աբառոտկաներ» անելով, ապա կարելի է ունենալ 19 տոկոս էլ, 25 տոկոս էլ, տո 100 տոկոս էլ։

Կից նյութն՝ այստեղ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել