Ինձ զանգահարած լրագրողներից տեղեկացա, որ այսօրվա մամուլի ասուլիսում N 2 ընտրատարածքում առաջադրված պատգամավորության թեկնածու Վլադիմիր Կարապետյանը դրական է վերաբերվել հնարավոր հեռուստատեսային քաղաքական բանավեճի մասին լրագրողի հնչեցրած գաղափարին: 

Ես հայտարարել եմ, որ անելու եմ ինձանից կախված հնարավորն ու նույնիսկ անհնարը՝ մեր ընտրատարածքում մեծամասնական ընտրակարգով օրինակելի ընտրությունների անցկացման և քաղաքակիրթ ընտրապայքար տանելու ուղղությամբ: Հեռուստատեսային քաղաքական բանավեճը քաղաքակիրթ ընտրապայքարի կարևոր ու ստանդարտ բաղադրիչներից մեկն է: Ավելորդ է ասել, որ ես պատրաստ եմ նման բանավեճի: Քաղաքացին, ընտրողը նաև համեմատության մեջ ընտրություն կատարելու հնարավորություն պետք է ունենա: 

Բայցև, չեմ էլ կարծում, որ նույնիսկ մեր օրերում ու քաղաքական մեր մշակույթի պայմաններում քաղաքական հեռուստատեսային բանավեճին մասնակցությունը դա ասպետության պես մի բան է: Ինձ համար դա շատ ստանդարտ, սովորական նախընտրական քաղաքական բաղադրիչ է: Ընդամենը: 

Հ.Գ. Հատուկ չեմ անդրադառնում պարոն Կարապետյանի կողմից հնչեցված այլ գնահատականներին, քանի որ այդ ամենի ժամանակը կլինի: Միայն հավելեմ, որ ես երկար ժամանակ է չեմ այցելում հեռուստատեսություն, գտնվում եմ արձակուրդում, ինչն, ի դեպ, ոչ թե օրենքի պահանջ է, այլ իմ կողմից կայացված քաղաքական որոշում, և զբաղվածության թելադրանքով նույնիսկ տեղյակ չեմ ինչ լուրեր են հեռարձակվում Առաջին լրատվականի եթերում: Անկեղծորեն խոստովանեմ, նույնիսկ չեմ հասցնում նայել: Եթե պարոն Կարապետյանը խոսում է Հ1-ի կողմից անհավասար պայմանների մասին, ապա ես ենթադրում եմ, որ Առաջին լրատվականի եթերում ինձ լուսաբանել են, իրեն՝ ոչ: Գուցե ե՞ս էլ իմանամ, թե ինձ երբ են լուսաբանել:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել