«Սերժ Սարգսյանի մոտ երեկ տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել է «Հայաստանի զարգացման ռազմավարություն 2030» փաստաթղթի նախագծի լրամշակված տարբերակը: Խորհրդակցության սկզբում Սերժ Սարգսյանն անդրադարձել է Հայաստանի զարգացման հեռանկարային թիրախներին հասնելու համար վճռորոշ նշանակություն ունեցող սկզբունքային մի շարք հարցերի. «Մասնավորապես, ցանկանում եմ ընդգծել կայուն և բարձր ներառական տնտեսական աճի ապահովումը, որը զգալի պետք է լինի Հայաստանի յուրաքանչյուր քաղաքացու համար, ինչպես նաև մեր համազգային նպատակներին հասնելու համար՝ մինչև 2040 թվականը չորս միլիոնանոց Հայաստան ունենալու համար հստակ և չափելի միջոցառումների մշակումը, և մինչև 2030 թվականը միջանկյալ թիրախային ցուցանիշի սահմանումը»:


Ընթացիկ տարվա ընթացքում սա Սերժ Սարգսյանի մոտ տեղի ունեցած երկրորդ խորհրդակցությունն է` ռազմավարական պլանավորման թեմայով:

Վերջին մեկ տարվա ընթացքում չորրորդ անգամ Սերժ Սարգսյանը խոսել է 2040-ի տեսլականի, այդ համատեքստում` չորս միլիոնանոց Հայաստանի մասին:


Նախագահականում երեկ տեղի ունեցած խորհրդակցությունը բովանդակային առումով շատ նման է Սերժ Սարգսյանի նոր իշխանության ծրագրային շնորհանդեսի: Գործող նախագահն ուղերձ է հասցեագրում, որ իր նոր իշխանության առաքելությունն ասոցացված է համազգային օրակարգի, խնդիրների հետ: Նույնիսկ կարելի է պնդել, որ ժողովրդագրական քաղաքականությունը, գոնե ծրագրային մակարդակում, լինելու է Սերժ Սարգսյանի իշխանության գլխավոր այցեքարտը: Սա խիստ էական հանգամանք է, որովհետև երրորդ հանրապետության նախորդ երեք իշխանությունները, դարձյալ ծրագրային մակարդակում, համազգային նպատակ, խնդիր են ձևակերպել ԼՂ խնդիրը: Արդյո՞ք Սերժ Սարգսյանը փոխում է Հայաստանի իշխանության ձևավորման մոտիվացիոն հիմքը:


Մյուս կողմից` 2030-ը կամ 2040-ը մոգական կամ շատ հեռավոր տարեթվեր չեն, և 15-20 տարի հետ չորս միլիոնանոց Հայաստանի հեռանկարին հասնելու համար մեր երկիրը որակապես պետք է փոխվի հենց այսօրվանից: Կառավարման այսօրվա որակը, օլիգոպոլ համակարգը, կոռուպցիան, արտագաղթը խթանող հիմնական գործոններն են, և պատահական չէ, որ Սերժ Սարգսյանի պաշտոնավարման շրջանում երկրի բնակչության թիվը գլորվեց հոգեբանական երեք միլիոնից ներքև: Եթե նույնիսկ Սերժ Սարգսյանն անկեղծ է իր հեռանկարային ծրագրերում, ապա նրա պատկերացրած և ղեկավարած Հայաստանների կոնտրաստն այնքան ակնհայտ է, որ հասարակությունը պարզապես չի հավատում հնչած խոսքին, ծրագրերին: Հայաստանում չի կարող մրցունակ տնտեսություն ձևավորվել, ներդրումային միջավայրը բարելավել, եթե քաղաքացիները չեն վստահում պետությանը, այն նույնացնում են կոռուպցիոն համակարգի հետ: Նման համատեքստը միայն նպաստում է արտագաղթի տեմպերի աճին` երկիրը կանգնեցնելով ժողովրդագրական լուրջ աղետի, անվտանգության ռիսկերի առջև: Հայաստանում չի կարող լինել ազատական, մրցունակ տնտեսություն, եթե այդպիսին չեն պետական, քաղաքական համակարգերը: Այս հարցերի պատասխանները չեն տալիս ոչ «Հայաստանի զարգացման ռազմավարություն 2030» փաստաթուղթը և ոչ էլ Սերժ Սարգսյանի ելույթը»,-գրում է թերթը:


Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել