Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր պաշտոնական այցով կմեկնի Սուրբ Աթոռ (Վատիկան):

Հանրապետության նախագահը հանդիպումներ կունենա Հռոմի Պապ Նորին Սրբություն Ֆրանցիսկոսի, Սուրբ Աթոռի պետքարտուղար Կարդինալ Պիետրո Պարոլինի հետ և կմասնակցի Վատիկանում «Տիեզերական Եկեղեցու վարդապետ» հռչակված Աստվածաշնորհ Սուրբ Գրիգոր Նարեկացու արձանի բացման արարողությանը, որից հետո տեղի կունենա էկումենիկ արարողություն` Հռոմի Սրբազան Քահանայապետ Ֆրանցիսկոս Պապի, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի և Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսի մասնակցությամբ:

Հանրապետության նախագահի ապրիլի 4-6-ը կայանալիք այցի շրջանակներում հանդիպում է նախատեսվում նաև Մալթայի Ինքնիշխան Մարտական Ուխտի Մեծ վարպետի տեղապահ Ֆրա Ջակոմո Դալլա Տոռե դել Տեմպիո դի Սանգուինետոյի հետ:

Հայաստանի Հանրապետության և Երուսաղեմի Սբ. Հովհաննեսի, Հռոդոսի և Մալթայի ինքնիշխան մարտական բարեխնամ ուխտի (Մալթայի ինքնիշխան ուխտ) միջև կստորագրվի համագործակցության համաձայնագիր, որից հետո Սերժ Սարգսյանը և Ֆրա Ջակոմո Դալլա Տոռե դել Տեմպիո դի Սանգուինետոն հանդես կգան ԶԼՄ-ների առջև հայտարարություններով:

Նախագահ Սարգսյանը աշխատանքային այց կկատարի նաև Իտալիայի Հանրապետություն, որտեղ հանդիպումներ կունենա Իտալիայի նախագահ Սերջիո Մատարելլայի, Սենատի նախագահ Մարիա Էլիզաբետա Կազելատիի և Պատգամավորների պալատի նախագահ Ռոբերտո Ֆիկոյի հետ: 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել