Armtimes.com-ը գրում է.

Ռուսաստանը Քիմիական զենքի արգելման կազմակերպությունից ստացել է բրիտանական Սոլզբերիում ռուսաստանցի նախկին լրտես Սերգեյ Սկրիպալի եւ նրա դստեր թունավորման գործով ուղղված հարցերի պատասխանները:  

Ինչպես հայտնում է РИА Новости-ն, կազմակերպությունում ՌԴ-ի ներկայացուցչությունն այժմ ուսումնասիրում է պատասխանները: «Երեկ Քիմիական զենքի արգելման կազմակերպությունից պատասխանները փոխանցել են մեր ներկայացուցչությանը, դրանք ուսումնասիրվում են»,- հայտնել է դիվանագիտական աղբյուրները:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Մոսկվան բրիտանական Սոլզբերիում ռուսաստանցի նախկին լրտես Սերգեյ Սկրիպալի եւ նրա դստեր թունավորման գործով 13 հարց էր ուղարկել Քիմիական զենքի արգելման կազմակերպությանը: Հարցերից մեկը վերաբերում նրան, թե «Սկրիպալի գործով» պաշտոնական Լոնդոնն ինչ օգնություն է հայցել կազմակերպությունից:

Նշենք, նաեւ այսօր Մոսկվայի պահանջով Հաագայում Քիմիական զենքի արգելման կազմակերպության մասնակից երկրների հանդիպում է հրավիրվել: Առիթը Բրիտանական Փորթոն Դաուն լաբորատորիայի՝ նախօրեին կատարած հայտարարությունն է:

Լաբորատորիայի մասնագետները նշել էին, որ չեն կարող հաստատել ռուսաստանցի նախկին լրտես Սերգեյ Սկրիպալի և նրա դստեր թունավորման ժամանակ օգտագործված նյարդապարալիտիկ նյութի հստակ աղբյուրը: Լաբորատորիան հայտարարել է, որ իրենց գործը չէ ասել, թե որտեղ է այն արտադրվել:

Սկրիպալի գործի վերաբերյալ իր մեկնաբանություններն է կատարել Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը Անկարայում լրագրողների հետ զրույցի ժամանակ:

«Հարց է ծագում, թե ինչի վրա էր հիմնվում բրիտանական կողմը: Այժմ բրիտանական կողմը պարտավոր է այդ հարցին պատասխանել: Ռուսական կողմը հենց սկզբից էլ ասում էր, որ այս ամենի հետ կապ չունի:

Իսկ Մեծ Բրիտանիայի արտգործնախարարը, ով նախագահ Պուտինին էր մեղադրում, ինչպես նաև Բրիտանիայի վարչապետը պետք է ինչ-որ կերպ նայի Եվրամիության իրենց գործընկերների աչքերին, որոնց նրանք ինչ-որ բաներ են պատմել, և նաև պետք է ռուսական կողմից ներողություն խնդրեն: Անշուշտ, սա երկար պատմություն է և այս «մարազմը» արդեն շատ հեռուն է գնացել», - նշել է Պեսկովը: 

Մեծ Բրիտանիան Ռուսաստանին է մեղադրում Սերգեյ Սկրիպալի ու նրա դստեր թունավորման համար: Ավելին, Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարար Բորիս Ջոնսոնը հայտարարել էր , որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը անձամբ է որոշում կայացրել թունավորել ՌԴ նախկին սպա Սերգեյ Սկրիպալին:

Մոսկվան մերժում է իր դեմ ներկայացված մեղադրանքները եւ պնդում, որ բրիտանական կողմը դրանք հավաստող որեւէ ապացույց չի ներկայացրել: Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը Ջոնսոնի հայտարարությունն անվանել էր դիվանագիտական էթիկայի կոպտագույն խախտում:

Այնուհետեւ Ռուսաստանի դեմ դիվանագիտական պատերազմ հիշեցնող միջազգային արշավ: Ավելի քան 16 պետություններ արտաքսեցին ՌԴ-ի դիվանագետների, ինչին Ռուսաստանը սկսեց տալ «հայելային պատասխան»:

Հատկանշական է, որ ԱՄՆ-ի պետդեպարտամենտը, ըստ CNN հեռուստաընկերության, հայտարարել է, որ Ռուսաստանը կարող է նախկինում երկրից արտաքսված դիվանագետների փոխարեն նորերին ուղարկել:

«Ինչպես միշտ եղել է նման իրավիճակներում, Ռուսաստանի կառավարությունը կարող է դիվանագիտական առաքելությունում թափուր պաշտոնների համար դիվանագետների հավատագրման համար դիմում ներկայացնել», - հայտարարել է Պետդեպարտամենտի ներկայացուցիչը: Պետդեպարտամենտի ներկայացուցչը նշել է, որ դիվանագիտական հավատարմագրման յուրաքանչյուր նոր հարցում առանձին կքննարկվի:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել