Armtimes.com-ը գրում է.

Մեր ժամանակների հերոս Վլադիմիր Ալիխանյան. 2016 թվականի ապրիլյան քառօրյա պատերազմի մասնակից, շարքային Վլադիմիր Ալխիանյանը տանկի անձնակազմի հետ միասին մղած մարտերում ոչնչացրել է հակառակորդի 1 տանկ եւ բազմաթիվ գրոհայինների: Բայց Արցախի պաշտպանության համար մղվող այդ կռիվն անհավասար էր, եւ նա իր ընկերների հետ միասին նույնպես զոհվել է:

Ալիխանյանը տանկային անձնակազմի նշանառու օպերատոր էր: Նրա մասին պատմում են, որ զարմանալի ֆիզիկական ուժի տեր էր եւ նույնքան զարմանալի դիպուկ էր: Երիտասարդին շրջապատող մարդկանց հաճախ թվացել է, թե չկա մի ծանրություն, որը նա չկարողանա բարձրացնել եւ գոյություն չունի որեւէ նշանակետ, որը նա ի վիճակի չլինի խոցել:

«Վաշտում միակ մարդն է եղել, որ կարողացել է առաջին կրակոցով խոցել նշանակետը: Իրեն տրված խնդիրը միանգամից է կատարել»,- Վլադիմիրի մասին պատմել է ծառայակից ընկերներից մեկը:  

Բանակում նա դարձել է չեմպիոն ե՛ւ որպես տանկային նշանառու, ե՛ւ որպես ծանրաքարերի մարզաձեւի վարպետ: «Ֆիզիկապես շատ ուժեղ էր, բայց սպորտով չի զբաղվել»,- որդու մասին ասել է մայրը՝ Աննա Մուկուչյանը:

Վլադիմիր Ալիխանյանը ծնվել էր 1996 թվականին՝ Տավուշի մարզի Դիլիջան քաղաքում: Բնությանն այդքան մոտ երիտասարդն, ինչպես նկարագրել են նրան ճանաչողները, բնավորությամբ հանգիստ էր, բարի, կենսուրախ, արագորեն կարողանում էր շրջապատող մարդկանց դեպի իրեն տրամադրել: Սիրում էր աշխատել ու հաճույքով ընտանիքին օգնում էր անասնապահության գործում: «Ասաց՝ որ գամ, պիտի անասունները շատացնեմ, ֆերմա սարքեմ: Իմ ֆերմայի աշխատողն էլ դու ես լինելու»,- որդու խոսքերն է վերհիշել մայրը:

9-րդ դասարանից հետո Վլադիմիր Ալիխանյանն ընդունվել է Դիլիջանի պետական քոլեջի տնտեսագիտության բաժին, իսկ արդեն ծառայության ընթացքում սկսել է մտածել զինվորականի մասնագիտություն ընտրելու ուղղությամբ: Բայց ճակատագիրը նրա համար այլ բան էր որոշել:

Վլադիմիր Ալիխանյանը հետմահու պարգեւատրվել է Հայաստանի մարտական խաչ առաջին աստիճանի շքանշանով եւ Արցախի մարտական ծառայության մեդալով:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել